ԳլխավորԼուր

Նոր չափորոշչով Արցախի պետականության թեման նախատեսված չէ, ինչն անընդունելի է. Էդիկ Մինասյան 

Արցախ, դրոշ, տոն

Ըստ նոր չափորոշիչների` Արցախի պետականության թեման նախատեսված չէ ընդգրկել պատմության դասագրքերում, ինչն անընդունելի է. այս մասին Usanogh.am-ին հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Նշենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ վերջերս հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերը կփոխվեն, և կունենանք նոր դասագրքեր. «Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը»,-ասել էր նախարարը:

Նշենք նաև, որ առաջին տարում փորձարկված 2-րդ, 5-րդ, 7-րդ, և 10-րդ դասարանների ծրագրերն ու չափորոշիչը լրամշակվել և հաստատվել են, դասագրքերի մրցույթը հայտարարված է։ Հաղթող դասագրքերը սեպտեմբերից շրջանառության կդրվեն հանրապետությունում:

«Նոր չափորոշիչներով Արցախի պետականության մասին խոսք անգամ չկա: Ներկայացված է, օրինակ, Հայաստանի երրորդ հանրապետությունը` որպես պետություն, բայց Արցախը` որպես պետություն, բացակայում է: Մենք ժամանակին նոր չափորոշիչների հետ կապված մեր դիտողություններն արել ենք, սակայն շատ բաներ հաշվի չեն առնվել»,-ասաց Էդիկ Մինասյանը` հավելելով, որ չի մասնակցելու դասագրքերի նոր մրցույթին (Էդիկ Մինասյանը պատմության գործող դասագրքերի հեղինակ է-հեղ.):

Հարցին, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ է արդյոք պատմության նոր դասագրքերում հայեցակարգային լուրջ փոփոխություններ կատարելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Փոփոխություններ, անշուշտ, պետք են, չէ՞ որ տարիների ընթացքում արխիվային նոր նյութեր են բացահայտվել, նոր իրադարձությունների վրա է լույս սփռվել»:

Իսկ հարցին, թե արդյոք ժամանակակից պատմությունը, օրինակ` 2018-ի իշխանավոխությունը, 44-օրյա պատերազմը, Սեպտեմբերյան մարտերը պե՞տք է, որ տեղ գտնեն պատմության նոր դասագրքերում, Էդիկ Մինասյանը պատասխանեց. «Ժամանակակից պատմությունը պետք է անպայման գրի առնվի, պետք է շարադրվի, չի կարելի այն անտեսել: Օբյեկտիվ հիմքերով պատմական փաստերը պետք է ներկայացվեն, իսկ հետևություններն ու գնահատականները կարելի է թողնել ընթերցողին: Որոշ պատմաբաններ ասում են` 50 կամ 100 տարի պետք է անցնի, որպեսզի անդրադառնաս պատմությանը. ես այդ կարծիքին չեմ: Շատ կարևոր է ականատեսի աչքերով շարադրել արդի պատմությունը: Մովսես Խորենացին իր ժամանակի պատմությունը չի՞ գրել: Արտերկրում ժամանակակից պատմության հատուկ գրականությունից զատ կան նաև դրան նվիրված դասընթացներ: Այսօրվա իրողությունները չի կարելի թողնել հետագային»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Usanogh.am-ը ներկայացրել էր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի տեսակետը, ըստ որի, օրինակ, վերջին 5 տարին չի կարող ընդգրկվել պատմության նոր դասագրքերում. «Շատ հարցեր դեռ վերլուծաբանների քննարկման տիրույթում են, հում են, չեն եփվել: Երբ կատարվածի հստակ գնահատականը տրվի, այն ժամանակ նոր պատմաբանները կարող են արձանագրումներ անել, իսկ դրա համար ժամանակ է պետք: Հիմա դեռ հնարավոր չէ որևէ հայեցակարգ մշակել. ինչ գրվի` կլինի քաղաքականացված, այն կարող է քաղաքական իշխող ուժի պատմությունը լինել»,-ասել էր նա: