ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` երեկ Ազգային ժողովում արած հայտարարությունը, թե հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերը կփոխվեն, և կունենանք նոր դասագրքեր, գիտական հանրության շրջանակում տարակարծությունների առիթ է տվել:
«Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը»,-ապրիլի 19-ին ԱԺ արտահերթ նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր նախարարը։
Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը Usanogh.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ դասագրքերը, ճիշտ է, վերանայելու կարիք ունեն, սակայն դրանք արմատապես փոխելը ճիշտ չի լինի.
«Մեր դասագրքերում շատ հարցադրումներ պետք է փոխվեն, դրանք մի շարք կաղապարված հայեցակետներ են պարունակում, պատմության շատ դրվագներ պետք է նորովի արժևորվեն, նոր հայեցակարգեր պետք է մշակվեն: Օրինակ` մենք մեզ ընդհանուր առմամբ ներկայացնում ենք անսխալական, և մեր ձախողումները վերագրում ենք ուրիշներին: Այնպես որ՝ կարելի է դասագրքերը վերանայել, բայց դրանք միանգամից արմատապես փոխել հնարավոր չէ. դա էվոլյուցիոն գործընթաց է, որը պետք է իրականացվի պրոֆեսիոնալների կողմից»,- նշեց Ներսիսյանը:
Հարցին, թե կարող է արդյոք, օրինակ, վերջին հինգ տարվա պատմությունը տեղ գտնել դասագրքերում, պատմաբանը պատասխանեց.
«Ոչ, իհարկե: Այդ հինգ տարին դեռ պատմություն չի դարձել: Շատ հարցեր դեռ վերլուծաբանների քննարկման տիրույթում են, հում են, չեն եփվել: Երբ կատարվածի հստակ գնահատականը տրվի, այն ժամանակ նոր պատմաբանները կարող են արձանագրումներ անել, իսկ դրա համար ժամանակ է պետք: Հիմա դեռ հնարավոր չէ որևէ հայեցակարգ մշակել. ինչ գրվի` կլինի քաղաքականացված, այն կարող է քաղաքական իշխող ուժի պատմությունը լինել»,- նշեց պատմաբանը։
Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` այս տարվանից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։