ԳլխավորԼուր

Մենք գործ ունենք ինտերակտիվ քարտեզի` 2D մոդելի հետ. «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի պարզաբանումը

Մի քանի օր է` սոցիալական ցանցերում բուռն կերպով քննարկվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքը: Կրթության ոլորտի անձինք և պարզապես սովորական քաղաքացիներ վրդովմունք են արտահայտում այն բանի առնչությամբ, որ դասագրքում հրապարակված քարտեզներից մեկում Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում: Խոսքը դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզի մասին է, որը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին:

Քննադատները նշում են, որ թեև քարտեզին կից գրառման մեջ նշված է, որ քարտեզը Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանինն է, փակագծերում նաև գրառում կա այն մասին, որ քարտեզի նշագրումները ժամանակակից սահմանների մասին են:

Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Հայոց պատմություն» առարկայի գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցի ունկնդիր Սմբատ Հովհաննիսյանի հետ:

Նա նախ նշեց, որ նպատակ է ունեցել «Հայոց պատմություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները համատեղել և համադրել երկու տարբեր ժամանակաշրջաններ.

«Այսինքն` մենք գործ ունենք ինտերակտիվ քարտեզի` 2D մոդելի հետ: Կա Տիգրան Մեծի կայսրությունը` Ք.Ա. 80 թվականին: Եվ որպեսզի աշակերտների մոտ պատմական այդ անցյալը պարզապես չմնա պատմական, որոշեցի նույն քարտեզի մեջ տեղադրել նաև ժամանակակից աշխարհի քարտեզը, այսինքն` Տիգրան Մեծի կայսրությունը ցույց տալ նաև այսօրվա աշխարհի պատկերի վրա, ինչպես հուշում է քարտեզի վերնագիրը: Այնտեղ հստակ բացատրված է, թե ինչ է արված»:

Սմբատ Հովհաննիսյանի խոսքով` քանի որ դասագիրքը կազմելու պահին Արցախի տարածքը 2000ք/կմից մի քիչ ավել էր, ինքը չէր կարող այդ պատկերն արտացոլող քարտեզ տեղադրել դասագրքում.

«Որովհետև Արցախն ավելին է, Արցախն ավելին է նաև ԼՂԻՄ-ի համեմատ, այսինքն, 4388 ք/կմ-ից էլ ավելին է: Արցախը նույնիսկ ավելին է 2020-ի նոյեմբերի 9-ից առաջ եղած տարբերակով, որովհետև իմ պատկերացրած Արցախի մեջ պետք է լինի նաև Գետաշենը, Արծվաշենը, Շահումյանը, և, որպեսզի դա կարողանամ ցույց տալ` ուղղահայաց, շեղ տարբերակով գրեցի «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» մինչև Արաքս գետ` ցույց տալու համար, որ սա ևս սահմանային նշանակություն ունի: Այդ գրությունն ինքը սահմանն է»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ