ԳլխավորԼուր

Կեղծ գրքով հնարավոր չէ կրթել սերունդներին. մի խումբ քաղաքացիներ պահանջում են Ժաննա Անդրեասյանի հրաժարականը

Վազգեն Պետրոսյան

7–րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը խոտանելու պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր Ժաննա Անդրեասյանի անունից գրված հրաժարականի դիմումը սև թղթապանակով հանձնել են ԿԳՄՍ նախարարության նամակների բաժին։

«Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը հայտարարել է, որ դասագիքը խնդրահարույց է, և այն պետք է խոտանել, սակայն իրենց այս պահանջին ԿԳՄՍ նախարարը չի արձագանքում։ Այդ է պատճառը, որ նրանք այսօր հավաքվել են նախարարության շենքի մոտ` արդեն իսկ պահանջելով Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Եկել ենք նախարարին հանձնելու հրաժարականի դիմումի իր օրինակը, որ կարողանա արագ ստորագրի ու հրաժարական տա։ Եթե դա չանի, մենք հետևողական ենք լինելու նրա նկատմամբ ու հասնելու ենք նրա հրաժարականին։ Շատ անկեղծ եմ ասում` մենք կատակ չենք անում, և գնալու ենք մինչև վերջ. կեղծ, կիսատ գրքով հնարավոր չէ կրթել սերունդներին, այդպիսով կկործանենք նրանց։ Այս կիսատ–պռատ դասագիրքը Թուրքիայի պատվերն է»,– ասել է նա։

«Եթե 24 ժամվա ընթացքում նախարարը չպատասխանեց մեզ, ապա չորեքշաբթի` հունվարի 31–ին, օրվա 2–րդ կեսին նորից կհավաքվենք այստեղ և կշարունակենք մեր միջոցառումը։ Եթե մենք` որպես ժողովուրդ, համակերպվում ենք նրան, ինչ բերում են մեր գլխին, ուրեմն որևէ մեկին չպետք է մեղադրենք, այլ միայն մեզ, որ ենթարկվում ենք այդ ամենին»,– հայտարարել է նա։