ԳլխավորԼուր

Հանուն Արցախի. ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում

«Արցախ», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Արցախ, սփյուռք, Հայաստան» վանկարկումներով այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել Երևանի պետական համալսարանի ուսանողները։ Նրանք երթով հասել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ, որտեղից պատրաստվում են գնալ Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված` ուսանողները պատրաստվում են դիմում–բողոքներ ներկայացնել այդ կառույցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրանք իրենց ձեռքերում պահում են պաստառներ հետևյալ գրություններով` «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Դադարեցրե՛ք մարդկության դեմ հանցագործությունները», «Ազատ միջանցք», «Բացե՛ք հույսի ճանապարհը» և այլն։

«Այս պայքարը քաղաքական չէ, մենք` երիտասարդներս, դուրս ենք եկել հանուն Արցախի ապաշրջափակման։ Մենք պետք է պայքարենք, քանի որ դա մեր պարտքն է։ 120 հազար մեր հայրենակիցներ բլոկադայի մեջ են, ու կոչ ենք անում բոլորին` հատկապես ավագ սերդնի ներկայացուցիչներին, որպեսզի միանան մեզ»,– նշում են ուսանողները։

Ուսանողներից մեկը` Գուրգեն Դանիելյանը, շեշտեց, որ ՄԱԿ–ին ուղղված նամակում երիտասարդությունը պահանջում է, որպեսզի կառույցն իր լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկի հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։ Նամակում առաջ քաշված պահանջներից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ը գրասենյակ բացի նաև Արցախում։ Գուրգենը հույս հայտնեց, որ հասցեատերերն այդ կետին ուշադրություն կդարձնեն։

Ուսանողները նամակ են հանձնելու նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։