Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն, Twitter–ի իր էջում գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Երկուշաբթի Ադրբեջանը փակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ուղին։ Սա կյանքի ճանապարհ է արցախցիների համար, քանի որ այս ճանապարհով են տեղափոխվում բոլոր բեռները` սննդամթերքից մինչև դեղորայք։
120 հազար բնակիչ, այդ թվում` 30 հազար երեխա, այս պահին շրջափակման մեջ են։ Ավելին` Ադրբեջանը դադարեցրել է նրանց գազամատակարարումը` ստեղծելով կործանարար իրավիճակ։
Հաշվի առնելով, որ հիմա ձմեռ է, իսկ ջերմաստիճանը գիշերը 0–ից ցածր է, տեղի բնակչությունը կանգնած է մահվան վտանգի առաջ։ Սա հումանիտար աղետ է»,– գրել է ֆուտբոլիստը։
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) December 15, 2022
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։