ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու. նախարար

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք, Հայկական լեռնաշխարհ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այն դիտարկումներն ու այն կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում։ Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնված են»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ եղավ գրքի ճակատագրի հետ։

Նախարարի խոսքով՝ կազմվել էր ամփոփաթերթ, որում ներառված են եղել տարբեր մասնագետներից ստացված բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, այդտեղ նաև դասագրքի հեղինակն արտացոլել է իր դիրքորոշումը՝ դրանցից որոնք են ընդունելի՝ համապատասխան հիմնավորումներով։

«Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Ուղարկել ենք հեղինակին, սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին։ Եթե առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտությունից, վրիպակից և խնդրից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, որ անճշտություններ պարունակող դասագրքով շարունակում են դպրոցներում ուսուցանել, նախարարն ասաց՝ տարիներ շարունակ գործող դասագրքում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել, ու խոսքը գիտական սխալների ու անճշտությունների մասին է։

«Հետևաբար, թողնում եմ ձեզ` մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված հայցին՝ պատմության դասագիրքը դպրոցներից դուրս բերելու համար, Անդրեասյանն ասաց՝ միայն ողջունում է այդ քայլը, որովհետև իրավական պետությունում ենք ապրում։ Միաժամանակ նրա համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ։