Վերիշենի երիտասարդական կենտրոնում այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև։
Եռակողմ հուշագրի նպատակն է պետության, տեղական ինքնակառավարման մարմնի և քաղհասարակության համագորակցությամբ երիտասարդական կենտրոնի զարգացմանն աջակցելը, ինչպես նաև երիտասարդների համար ստեղծարար, զարգացնող և ակտիվ միջավայր ձևավորելը՝ համայնքային կյանքում նրանց առավել ներգրավվածությունն ապահովելու նպատակով։
Հուշագրի ստորագրումից հետո ներկաները շրջել են երիտասարդական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։
Ի դեպ, Վերիշենի երիտասարդական կենտրոնում երիտասարդները ոչ միայն սովորում ու նախաձեռնություններ են իրականացնում, այլև ստեղծում սեփական մեդիա հարթակները։ Այսօր նրանց փոդքաստի հյուրը նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որի հետ երիտասարդները խոսել են կրթական ծրագրերի, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդական հնարավորությունների մասին։
Կենտրոնը ստեղծվել է 2024 թվականին հիմնադրամի ջանքերով։ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերանորոգվել են ենթակառուցվածքները: Այսօր հիմնադրամը նույն տարածքում կազմակերպում և իրականացնում է թե՛ երիտասարդական կենտրոնի, թե՛ սոցիալական ձեռնարկության գործունեություն։ Սոցիալական ձեռնարկությունը ձևավորվել է հենց երիտասարդների նախաձեռնությամբ։ Այն մի կողմից եկամտի հնարավորություն է ստեղծում գյուղաբնակ կանանց համար, մյուս կողմից երիտասարդներին ներգրավում է տարբեր գործընթացներում՝ դիզայնի, գրաֆիկական ձևավորման, վաճառքի հարթակների ակտիվացման և այլ աշխատանքներում։
Ներկայում կենտրոն հաճախում է 70-80 սան, որոնք ներգրավված են տարբեր երիտասարդական ակումբներում՝ մշակութային, լրագրության, կամավորական, արշավական և այլ ուղղություններով։
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Կապանի երիտասարդական կենտրոն, հանդիպել և զրուցել տեղի երիտասարդների հետ։
Կապանի երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է 2024 թվականին և ծառայում է կրթական, մշակութային ու երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ ԿԳՄՍՆ կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում կենտրոնը համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկայով և երաժշտական սարքավորումներով։
Նախարարը կարևորել է կենտրոնի արվեստային ուղղվածությունը՝ նշելով, որ հնարավոր է համագործակցություն հաստատել նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






