ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարը բուհերի ընդունելության արդյունքների ոչ լիարժեք պատկերն է ներկայացրել. Փաստերի ստուգման հարթակ

Ժաննա Անդրեասյանի 2024 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (8 հունվարի, 2025 թ.)

Փաստերի ստուգման հարթակն (FIP) անդրադարձել է Հայաստանի բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքներին ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դրանց ամփոփմանը։

Ըստ կայքի՝ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախարարի հնչեցրած թվերից առնվազն երկուսը համադրելի չեն, քանի որ արտահայտում են ընդունելության տարբեր փուլերի արդյունքներ։

«Առանձնակի մեր ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը։ Պետք է ասեմ, եթե ամփոփումից հետո դիտարկենք թափուր մնացած տեղերի թիվը, 2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից։ Եթե 2024 թ․-ին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է, ընդ որում՝ անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է»:,-ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարարը

Սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 6174-ը վերաբերում է ընդունելության առաջին փուլի արդյունքում թափուր մնացած տեղերին, իսկ 1174-ը՝ երկու (առաջին և երկրորդ) փուլերի արդյունքում թափուր մնացած տեղերին։

Իրականում՝ 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքներով թափուր տեղերի թիվը կազմել է 5030։ Ստացվում է, որ նախարարի պնդումը, թե «2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից», սխալ է։ Այս տվյալների պարագայում 2025-2026 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքում թափուր տեղերի թիվը պակաս է ոչ թե 5, այլ մոտ 4․3 անգամ։

Ինչ վերաբերում է նախարարի խոսքին, թե «ընդ որում անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է», ապա հարկ է նշել, որ այս մասով էական առաջընթաց չի գրանցվել․ պաշտոնական տվյալներով 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր մնացած անվճար տեղերի թիվն ավել է եղել ընդամենը 2-ով՝ 221։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։