ԳլխավորԽճանկար

Ստամբուլի Ազգային պալատների գեղանկարչության թանգարանում օսմանահայ նկարչի աշխատանքներ են ցուցադրվում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հովհաննես Ումեդ Բեհզադի «Բարբարոսա Հայրեդդին փաշան հաղթում է Սուրբ լիգային» կտավը (1866) Ստամբուլի ռազմածովային թանգարանում

Հովհաննես Ումեդ Բեհզադը (1809-1874) օսմանահայ գեղանկարիչ է։ Նրա աշխատանքները, ներառյալ «Բարբարոսա Հայրեդդին փաշան հաղթում է Սուրբ լիգային» կտավը (տեսանյութում) (1866), ներկայացված է  Ստամբուլի Ազգային պալատների գեղանկարչության թանգարանում։:

Նշենք, որ Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդեսներ են պարբերաբար կազմակերպվում։ Դրանցից վերջինը՝ «Armenian Painters In the Ottoman Empire» («Հայ գեղանկարիչները Օսմանյան կայսրությունում») ներկայացվել է 2020-ի հունիսի 12-ից օգոստոսի 30-ը Անկարայում։

Այդ ժամանակ թուրքական «Superhaber» լրատվական կայքը հիշեցրել է, որ հայերը կայսրությունում մեծ  հռչակ են վայելել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:

«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ.

«Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»: