ԳլխավորԼուր

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի

Ռեջեփ Թայիփ Էրդողան, Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահական ընտրություններում բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24 տոկոսը, նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06 տոկոսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քանի որ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին:

Երկրի ընտրական հանձնաժողովն ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ անվավեր է ճանաչել։

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին: Երկրում քվեարկելու իրավունք ունի 60 721 475 քաղաքացի, մեծամասնությունը կանայք են ավելի քան 30,7 մլն: Արտասահմանյան տեղամասերում քվեարկությունն ընթացել է ապրիլի 27-ից մայիսի 9-ը, իրենց ընտրությունը կատարել են ավելի քան 1,8 մլն քաղաքացիներ:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք թեկնածու՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը, որը Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն է, 74- ամյա Քըլըչդարօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի թեկնածուն է, ինչպես նաև 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքի թեկնածուն: