ԳլխավորԼուր

Զեղչ՝ ուսանողների համար, հասանելի դպրոցներ ու մանկապարտեզներ. կրթական բաղադրիչը` քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերում

Usanogh.am-ը Երևանի ավագանու առաջիկա  ընտրությունների (սեպտեմբերի 17) շեմին ծանոթացել է առաջադրված կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում կրթության բաղադրիչին: Նախ նշենք, որ քաղաքական ոչ բոլոր ուժերն են ներկայացրել նախընտրական ծրագրեր, սակայն այն ուժերը, որոնք ներկայացրել են, որոշները` մանրակրկիտ, որոշները` համեմատաբար մակերեսային կերպով անդրադարձել են հանրակրթության թեմային:

Այսպիսով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում խոստանում է 2024-ին հիմնանորոգել թվով 33 մանկապարտեզ, 2025-ին՝ ևս 35-ը, ինչի արդյունքում նախադպրոցական տարիքի ոչ մի երեխա, ըստ ծրագրի, զրկված չի լինելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, և արդեն 2026-ին Երևանի մանկապարտեզներից ոչ մեկն, ըստ ծրագրի,  այլևս հիմնանորոգման կարիք չի ունենա։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում է նաև ավելացնել երևանյան մի շարք դպրոցներում գործող նախակրթարանների թիվը՝ 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նպատակով, ինչպես նաև մինչև 2028-ը բարեկարգել Երևանի բոլոր մանկապարտեզների բակերը՝ ներառելով խաղահրապարակների կահավորումը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն ընտրվելու պարագայում նախատեսում է Երևանում ունենալ նոր մարտահրավերներին համապատասխանող դպրոցներ, թվայնացված գրադարաններ: Առաջարկվող գործնական ծրագրերից են` նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների կառուցումը, հիմնանորոգումն ու վերանորոգումը, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, պատանիների, երիտասարդների համար լայնածավալ և ընդգրկուն նախագծեր, երեխաների հետ աշխատող անձնակազմի աշխատավարձերի վերանայում և կարգավիճակի համահավասարեցում համապատասխան արտոնություններով:

«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս  նախընտրական իր ծրագրում անդրադարձել է կրթական թեմաների: Այն ընտրվելու դեպքում խոստանում է Երևանում ունենալ 15 րոպե քայլելու հասանելիությամբ դպրոցներ և մանկապարտեզներ: Կրթական ծրագրերի թվում են մանկապարտեզների աշխատաժամանակի ավելացում մինչև 20։00,  մսուր մանկապարտեզների վերականգնում,  մանկապարտեզներում հերթագրման ժամկետ առավելագույնը 2 ամիս: Կուսակցությունը խոստանալով Երևանը դարձնել առավել անվտանգ` նախընտրական ծրագրում ներառել է նաև դպրոցների և մանկապարտեզների տարածքներում անվտանգության տեսահսկման համակարգերի տեղադրումը, որը կմեծացնի երեխաների և դպրոցականների անվտանգությունը և կնպաստի հանցավորության մակարդակի նվազմանը։

«Արդար Հայաստան» կուսակցությունն էլ երևանցիներին խոստանում է ներդնել քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կրթական համակարգի զարգացման որակապես նոր ռազմավարություն, զարգացնել ուսուցչական և վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանության համակարգը, աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրեր իրականացնելիս։ Նախընտրական ծրագրում կա անդրադարձ նաև դպրոցական ճաշարաններին. նախատեսված է աշակերտների համար սննդի վաճառքը կազմակերպել՝ ելնելով առողջ ապրելակերպի չափորոշիչներից, ինչպես նաև վերանորոգել քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցներն ու մանկապարտեզները։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն ընտրվելու դեպքում նախատեսում է ուսանողներին 50% զեղչի տրամադրում հանրային տրանսպորտից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից օգտվելիս, ինչպես նաև մանկապարտեզների և դպրոցների արդիականացում և ցանցի ընդլայնում։  Ծրագրում ներառված է նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցների անվճար հաճախելիություն մինչև 16 տարեկան երեխաների համար։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ծրագրում կարդում ենք՝ բոլոր վարչական շրջաններում հանրակրթական դպրոցների, մանկական, մանկապատանեկան արվեստի ու սպորտի կենտրոնների, մսուր-մանկապարտեզների արդիականացում և նորերի ստեղծում: Ծրագրում ներառված է նաև ավագ դպրոցների համար խիստ չափորոշիչների սահմանում և ստեղծում` ըստ քանակական անհրաժեշտության: Նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթական համալիրի վերականգնում, բակային խաղահրապարակների և առողջ ապրելակերպի նպատակով տարածքների ստեղծում:

«Հանրային ձայն» կուսակցության ցուցակում հանդիպում ենք այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են` դպրոցներում մարզադահլիճների վերանորոգում և տեխնիկական վերազինում,  մարզիչների աշխատավարձերի բարձրացում, դպրոցներում համազգեստային համակարգի գործարկում, անվճար դասագրքերի տրամադրում պետական միջոցներով՝ տուգանք միայն վնասելու դեպքում, դպրոցների բարեկարգման համար հանգանակությունների բացառում, բացահայտվելու դեպքում` խստագույն պատժամիջոցների կիրառում, խրախուսական մրցույթներ դպրոցականների շրջանակում, մանկապարտեզների քանակի ավելացում ժամանակակից չափանիշներին և որակներին համապատասխան, անապահով ընտանիքի երեխաներին առանձնահատուկ մոտեցում` անվճար գրենական պիտույքների տրամադրում:

«Մայր Հայաստան» դաշինքն էլ ընտրություններից առաջ խոստանում է իրականացնել կրթադաստիարակչական միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ`ընդդեմ թմրանյութերի գործածման ու տարածման:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ