ԳլխավորԼուր

Միջբուհական համագործակցությունը խորացնելը մեզ համար առաջնային է. Հնդկաստանի դեսպան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Մենք համագործակցության շատ լավ փորձ ունենք: Վստահ եմ՝ Ձեր նշանակմամբ այդ համագործակցությունը կխորանա բոլոր ուղղություններով, որը, իսկապես, շատ կարևոր է: Ուրախ ենք, որ մեր բուհերում ավելի քան 2800 Հնդկաստանի քաղաքացի է սովորում: Կարծում եմ՝ այս թիվը կարող է էապես աճել. մենք միայն ուրախ կլինենք միջբուհական համագործակցության զարգացման հնարավորության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով համագործակցության խորացումը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:

Նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը ռազմավարական նշանակություն ունի: Նա ներկայացրել է նախանշված թիրախները՝ մասնավորապես առանձնացնելով ակադեմիական քաղաքի նախագիծը, որը բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ է ապահովում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները:

«Միջբուհական համագործակցությունը խորացնելը մեզ համար առաջնային է: Այս համատեքստում հետաքրքրված ենք ակադեմիական քաղաքի նախագծով՝ ինչպես ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավելու, այնպես էլ ներդրումների տեսանկյունից»,- նշել է դեսպան Նիլակշի Սահա Սինհայը:

Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև սպորտային բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել հնդկական կողմի՝ Գյումրիում մշակութային կենտրոն, մասնավորապես՝ առանձին ցուցասրահ-թանգարան հիմնելու, ինչպես նաև համատեղ ցուցադրություններ և փառատոններ անցկացնելու հարցերին: