ԳլխավորԼուր

Թուրքիայում հնչել է հայոց օրհներգը՝ ի պատիվ բռնքամարտիկների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայի Էրզրում քաղաքում օրերս անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալներին էլ արժանացել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։

Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Նա մասնավորապես նշել է, որ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչել հայոց օրհներգը:

Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։

Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։

Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ: