ԳլխավորԼուր

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում խնդիրների լուծումները քննարկման փուլում են. տնօրեն

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի երեք փոխտնօրենները աշխատանքից ազատվելու դիմում չեն ներկայացրել, նրանք ցանկանում են ազատվել փոխտնօրենների պաշտոններից, բայց շարունակել աշխատել դպրոցում որպես ուսուցիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը։

Տեղեկացնենք, որ արդեն քանի օր է՝ դպրոցում լարված իրավիճակ է։ Այսօր արդեն աշակերտների ծնողները ստորագրահավաք են անցկացնում տնօրենին աշխատանքից ազատելու պահանջով։

Խոսակցություններ են պտտվում, որ դպրոցում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, տնօրենը յուրացրել է խմբակների համար հատկացված գումարները և փոխտնօրեններից պահանջել այնպես անել, որ աշակերտներն ու ծնողները չխոսեն չկայացած պարապմունքների մասին։ Դպրոցի երեք փոխտնօրենները` Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը, ազատման դիմում են գրել՝ հրաժարվելով կատարել տնօրենի պահանջը։

Լրագրողների այն հարցին, թե ինչու է նրա պաշտոնավարման ընթացքում շուրջ 30 ուսուցիչ ազատվել աշխատանքից, տնօրենը պատասխանեց` դա նրանց ցանկությունն է եղել։

Հովսեփյանը պնդեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե տնօրենն ազատում է լավ ուսուցիչներին ու աշխատանքի ընդունում անգրագետների։

Տնօրենի խոսքով` այսօր Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու տեղակալն այցելել են դպրոց ու զրույց են ունեցել։ ՄԻՊ աշխատակիցներն այս պահին ևս դպրոցում են։

Ըստ տնօրենի` խնդիրների լուծումները քննարկման փուլում են, դրանց մասին հրապարակային կտեղեկացնեն։