ԳլխավորԼուր

Կիբեռբուլինգ՝ մեր դպրոցներում․ աշակերտները սոցցանցերում ծաղրուծանակի և սպառնալիքների են ենթարկվում

Բուլինգ

Հայաստանի դպրոցներում աշակերտները պարբերաբար ենթարկվում են կիբեռբուլինգի․ սոցիալական ցանցերի միջոցով նրանք սպառնում կամ ծաղրում են այլ օգտատերերի, իրենք էլ՝ դառնում դրա զոհը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հրապարակած արտահերթ զեկույցից:

Ընդհանուր առմամբ՝ հարցումներին մասնակցած աշակերտների գրեթե 20 տոկոսը նշել են, որ շաբաթական առնվազն 1 անգամ սոցիալական ցանցերի միջոցով սպառնում կամ ծաղրում են ինչ-որ մեկին:

Երեխաները հայտնել են նաև համացանցային խաղերի մասին, որտեղ իրենք սպառնալիքների և վիրավորանքների ձևով ճնշման են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցի և թուրք օգտատերերի կողմից, որի պատճառը ազգային պատկանելությունն է եղել՝ հայ լինելը։

Պաշտպանին հասցեագրված բուլինգի դեպքերի մասին բանավոր ահազանգերով բազմիցս բարձրացվել է դպրոցներում երեխայակենտրոն մոտեցումների գրեթե բացակայության և դրանց ներդրման անհրաժեշտության հարցը։

«Օրինակ, բանավոր բողոք է ստացվել այն մասին, որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը երեխային, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, թույլ չի տալիս մասնակցել դասաժամերին, քանի որ, ըստ նրա, երեխան չի կարողանում կատարել վարժությունները։ Այս համատեքստում պետք է նշել, որ երեխայի նկատմամբ տարբերակված վերաբերմունքն անթույլատրելի է, և դպրոցը պետք է ապահովի բոլոր երեխաների համար կարեկից և կարիքներին համապատասխան միջավայր»,-ասված է զեկույցում։

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ուսուցիչների մի մասը դպրոցում բռնության դրսևորումները համարում են իբրև սովորական երևույթ, ինչը բացառում է կարեկից կրթական միջավայրի ապահովումը: Ըստ որոշ մանկավարժների՝ երեխաների շրջանում մեկմեկու ծաղրելը բնական երևույթ է։

Ըստ պաշտպանի՝ որոշ դեպքերում կրթական կարեկից միջավայրի բացակայությունը հանգեցրել է նաև երեխայի դպրոցի փոփոխության։

Նշենք, որ ուսումնասիրության շրջանակում հարցմանը մասնակցել են 940 երեխա, 100 ուսուցիչ, 15 դպրոցի տնօրեն, 8 հոգեբան և 5 սոցիալական մանկավարժ: Դիտարկվել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված դեպքերը և բողոքները։

Ուսումնասիրության ընտրանքը ՀՀ բոլոր մարզերից և քաղաք Երևանից հիմնականում պատահականության սկզբունքով ընտրված 15 դպրոցներ են, իսկ որոշ դպրոցներ ընտրվել են՝ ըստ ՄԻՊ աշխատակազմի կողմից արձանագրած բուլինգի դեպքերի տվյալների:

Ուսումնասիրության շրջանակում դպրոցներ կատարված այցերը եղել են չհայտարարված: