Հանրային քննարկման է ներկայացվել սովորողների դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգը՝ նոր խմբագրությամբ, որով փորձ է արվում կարգավորել պրակտիկայում առաջացող տարբեր հարցերը՝ ելնելով երեխայի լավագույն շահից։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մասնավորապես, սահմանել ենք, որ.
• Բոլոր այն բնակավայրերում, որտեղ դպրոցը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
• տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Այսպիսով, կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:
• Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով՝ սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։
• Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ և ավել երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։
• Հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակել համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
• 16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող և հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայական էքստեռն կարգով ստանալու և կրթությունը շարունակելու պայմանը։
Հստակեցվել են նաև ժամկետները։
Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3754/about» ,-նշված է գրառման մեջ։