ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ:

Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։

Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։

Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Մայիսի 13-ին էլ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews