ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։
«Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար»,–նշել են նախարարությունից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews