ԳլխավորԼուր

Տպագիր դասագրքերը, ի, վերջո, դպրոցներ հասա՞ն. ԿԳՄՍՆ-ի մեկնաբանությունը

Դասագիրք, դասագրքեր

5-րդ և 7-րդ դասարանի դասագրքերի տպագրական աշխատանքներն ու բաշխումն ավարտվել է, իսկ ահա 2-րդ դասարանի դասագրքերի տպագրման գործընթացը թեպետ ավարտվել է, բայց դեռ բաշխման փուլում են։

Այս մասին մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը: Նրա խոսքով` Հայաստանի ամեն մարզում կա, այսպես ասած, կենտրոնական մի դպրոց, որտեղից հարակից գյուղերի դպրոցները գնում-ստանում են դասագրքերը.

«Ի դեպ, Երևանում էլ է այդ մեխանիզմը գործում: Հիմա հնարավոր է` մի դպրոց վերցրել-տարել է դասագրքերը, մյուսը` դեռ ոչ: Պետք է համայնքը ավտոմեքենա հատկացնի: Ո´ր համայնքն ու դպրոցն ավելի պարտաճանաչ ու հետևողական է եղել, այն դասագրքերի հետ կապված խնդիր արդեն չունի: Միևնույն ժամանակ, նորմալ է, որ կան նաև կազմակերպչական խնդիրներ»:

Ի դեպ, Արցախից բռնի տեղահանված դպրոցականների մեծ հոսքով պայմանավորված` պատվիրվել է դասագրքերի նոր խմբաքանակ.

«Արցախից բռնի տեղահանված շուրջ 7-8 հազար երեխա դեռ չեն հաճախում դպրոց, ներառված չեն կրթական գործընթացքում, ուստի դեռ չենք կարող դասագրքերի լրացուցիչ խմբաքանակի վերջնական ծավալների մասին խոսել»,-ասաց Կարինե Մանուկյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված 30 հազար երեխա ունենք, 22 հազարը` դպրոցական, 8 հազարը` նախադպրոցական տարիքի:

Տեղեկացրել էինք նաև, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը որոշակի ժամանակ են պահանջում:

Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ նոր դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի դպրոցներ սեպտեմբերի ընթացքում:

Հավելենք, որ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ