ԳլխավորԼուր

Դպրոցահասակ երեխան պետք է օրինապահ վարքագիծը կրող հերոս ունենա. գլխավոր դատախազ

Առաջնորդության դպրոցի ուսանողները Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողների հետ, հայտնում են դատախազությունից։

Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին խոսելիս՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անաչառությունը, հովանավորչության բացառումը, տաղանդավոր մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը, տարիներ շարունակ դատախազության որակյալ աշխատանքի հիմնասյուն հանդիսացած բարեվարք անձանց առաջխաղացման հնարավորություն տալը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ

Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ունենանք օրինապահ քաղաքացիներ, արդյո՞ք չպետք է սկսենք դպրոցական կրթությունից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է.

«Օրինապահ վարքագծի վերաբերյալ զրույցները կարևոր են, սակայն, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է այդ վարքագիծը կրող հերոս ունենա: Հերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել: Մենք ձգտում ենք, որ դպրոցներ այցելող դատախազները լինեն այդ վարքագծային մոդելի կրողները: Մենք ձգտում ենք, որ մեր երեխաների գիտակցության մեջ ձևավորվող հերոսի կերպարը լինի և՛ ուժեղ, և՛ արդար, և՛ օրինապահ, և՛ բարի»:

Հանրապետության գլխավոր դատախազը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ