ԳլխավորԼուր

Արաքսիա Սվաջյանն այցելել է մշակույթի և արվեստի պետական քոլեջ ու դպրոցներ Երևանում ու Աշտարակում

Սեպտեմբերի 1

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Աշտարակ համայնքի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ, հայտնում են նախարարությունից։

Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 190 ավագ դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր ուսումնական տարի։

Նախարարի տեղակալն առանձնահատուկ շնորհավորել է տասներորդցիներին, որոնք հայտնվել են նոր միջավայրում և դեռ հարմարվելու փուլում են. «Սիրելինե՛րս, օգտագործեք առիթը և ամբողջ կյանքի համար նոր ընկերներ ձեռք բերեք»:

Արաքսիա Սվաջյանն այնուհետև գովասանագրեր է հանձնել ավագ դպրոցի 25 աշակերտների:

Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցը Երևանի 16 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ այս սեպտեմբերից մեկնարկել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որի շրջանակում բացվել է երկու դասարան: Ծրագիրը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Տոնական տրամադրություն էր նաև Աշտարակ համայնքի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցն իր դռներն է բացել կրթօջախում սովորող շուրջ 361 աշակերտի առջև, որոնցից 36-ն առաջին դասարանցի են: Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: 2021 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա օգոստոսին:

Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ

Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցի պաշտոնական բացման արարողությանը, շրջել վերակառուցված դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեխնիկապես և գույքով հագեցված նոր պայմաններին: Այսուհետ դպրոցի աշակերտները բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և կոչ արել լավ սովորել, սիրել և խնամքով վերաբերվել սեփական կրթօջախին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Գիտելիքի օրվա շրջանակում այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ: Նա շնորհավորել է քոլեջի սաներին, շրջել ուսհաստատության տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին:

Նորաբաց դպրոցի դասասենյակ

Արաքսիա Սվաջյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ