Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի դպրոցում այսօր` Գիտելիքի ու դպրության օրը, 2 առաջին դասարանցի են ունեցել` 1 աղջիկ և 1 տղա:
Usanogh.am-ի հետ զրույցում Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը նշեց` 2 առաջինցիների համար անգամ Արցախի շրջափակման պայմաններում սեպտեմբերի 1-ն իսկական տոնի են վերածել. «Ո´չ քիչ թվով աշակերտների, ո´չ նրանց ծնողների մտքով չի էլ անցնում լքել գյուղը: Ճիշտ է, բավական դժվարություններ կան, բայց հաղթահարում ենք: Օրինակ` ոչ բոլորն են ապահովված գրենական պիտույքներով, աշակերտները կիրառում են նախորդ տարիների դասագրքեր, նորերը չենք ստացել, ուսուցիչների պակաս ունենք, կողքի գյուղերից են գալիս, մեզ մոտ դասավանդում, բայց փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել»:
Մի քանի ամսից ձմեռ է, և դպրոցը, որը նախկինում գազով էր ջեռուցվում, ուսումնական այս տարում արդեն կջեռուցվի վառելափայտով:
Գագիկ Նասիբյանը նշեց, որ Լիսագորի դպրոցում ընդհանուր առմամբ ուսումնական այս տարում 11 աշակերտ կա. «11-ից 2-ը առաջին դասարանցի են, 2-ն էլ ավարտական դասարանում են: Վստահ ենք, որ կկարողանանք պատվով կազմակերպել կրթական գործընթացը: Հույս ունենք, որ առկա խոչընդոտներին քիչ մնաց, անպայման կբացվի լույսը»:
Usanogh.am-ը զրուցեց նաև Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանի հետ: Նա նշեց, որ դպրոցն ուսումնական այս տարում 16 առաջին դասարանցի ունի: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա դպրոցի աշակերտների 95 տոկոսը, չնայած շրջափակմանն ու դրանով պայմանավորված խնդիրներին, ներկայացել են դպրոց.
«Մեկը մյուսին թիկունք լինելով, փոքրացած շորեր փոխանցելով` իրար աջակցել են, և երեխաները եկել են դպրոց: Ծնողների մոտ կա որոշակի ընկճվածություն, թեպետ ամեն կերպ փորձում են հաղթահարել խնդիրները: Այսօր դասապրոցես չի եղել, ունենք դասագրքերի, մատյանների, կավիճի, գրենական պիտույքների պակաս: Հավանաբար, օնլայն գրադարաններից օգտվելով` կլրացնենք բացը»:
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Ճգնաժամի պատճառով խախտվել է նաև արցախցների կրթության իրավունքը: Դպրոցները պարբերաբար հայտնվում են ադրբեջանական կողմի կրակոցների տակ, Հայաստանում բուհ ընդունվածները չեն կարողանում ներկայանալ ուսումնական հաստատություններ: Usanogh.am-ն ավելի վաղ անդրադարձել է Արցախում կրթության իրավունքի խախտման դեպքերի:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ