ԳլխավորԼուր

Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի երկուական դպրոցներ կմիաձուլվեն

Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցը Ստեփանակերտում, Արցախ

ՀՀ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի երկուական դպրոցներ կմիաձուլվեն։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշումներից մեկում նշվում է, որ 2024 թ. հունվարի 1–ի դրությամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցում սովորող աշակերտ հաշվառված չի եղել։

«Մոզրովի հիմնական դպրոցի տեղակայման վայրից ամենահարմարը ՀՀ Վայոց Ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցն է` ուսումնական հաստատության շենքային պայմաններներով հանդերձ: Այդ պատճառով նպատակահարմար է երկու հաստատությունների միավորումը և վերակազմակերպումը՝ հիմնելով մեկ միջնակարգ դպրոց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, մինչդեռ ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում։

Նույն մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը (որին միանալու է Մոզրովի հիմնական դպրոցը) նախատեսված է 330 սովորողի համար, այս պահին սովորում է 143 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 30 է:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցը կմիաձուլվի նույն բնակավայրում գտնվող միջնակարգ դպրոցին։

Նշվում է, որ տարրական դպրոցը գտնվում է մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը 41 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 19: Նույն բնակավայրի միջնակարգ դպրոցը ունի 421 աշակերտ և 68 աշխատակից:

Լուսանկարը՝ արխիվային