Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 25-ին բացվել է Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում ընդգծել է ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Անդրանիկի կնոջ ժառանգներ Գրիգոր և Սեդա Տիգրանյաններին՝ Զորավարի անձնական իրերը թանգարանին նվիրաբերելու համար։
Ցուցադրության բացումն ազդարարվել է Զորավարի կնոջ ժառանգների կողմից նրա մազափնջի նվիրաբերման արարողությամբ։
Ցուցադրության շրջանակում ներկայացված են Զորավարի մարտական թուրը, ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, անձնական իրեր։
Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները։