ԳլխավորՀայաստանս

Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Այսօր Զորավար Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի (25 փետրվարի, 1865 — 31 օգոստոսի, 1927) ծննդյան օրն է։ Այդ առիթով ներկայացնում ենք (կրճատումներով) պատմական գիտ. թեկնածու, հրապարակագիր Արմեն Կարապետյանի հոդվածը «Շողակն» երկշաբաթաթերթից։

***

…Հայ մեծանուն զորավարին որպես այդպիսին ընդունում է նաև համաշխարհային հանրությունը, միջազգային պատմագիտական միտքը։ Շատ փաստերից բերենք միայն մեկ խոսուն օրինակ։ Ռուս հանրահայտ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. հրապարակեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները» վերնագրով (А.Шишов, 100 великих героев, М.,2005)։ Այդ գրքում տեղ են գտել ողջ մարդկությանը քաջ հայտնի հարյուր առավել երևելի անուններ, որոնց գործերն ու գործունեությունը բախտորոշ ու ճակատագրական է եղել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային պատմական ընթացքի համար։

Գրքում ընդգրկված ժամանակաշրջանն անսահմանափակ է՝ անտիկ ժամանակներից մինչև քսաներորդ դարի սկիզբը։ Այնտեղ ներկայացված են համաշխարհային պատմության ամենահզոր դեմքերը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Հաննիբալը, Հուլիոս Կեսարը, Սպարտակը, Աթիլլան, Ժաննա դը Արկը, Վաշինգթոնը, Նապոլեոն Բոնապարտը, Կուտուզովը, Սուվորովը, Գարիբալդին և այլք։ Նրանց կողքին և նրանց հետ է հայազգի մեծագույն հերոսը՝ Զորավար Անդրանիկը։ Գրքում հերոսները ներկայացված են ըստ ժամանակագրական կարգի։ Ըստ այդմ, հայազգի հերոսը 99-րդն է։ Իսկ ցանկը եզրափակում է թուրք Մուստաֆա Քեմալը, որը ճակատագրական դեր է խաղացել իր հայրենի երկրի նորագույն պատմության մեջ։

Ինքը՝ թուրք առաջնորդը մեծապես հասկացել և գնահատել է հայազգի հերոսի դերը հայոց ճակատագրում։ Այսպես, 1934 թ. օգոստոսի 31-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ այդ օրերին իր երկրում ընթացող լեզվաբանության միջազգային գիտաժողովին մասնակից օտարազգի լեզվաբանների։ Երեկոն հետաքրքիր դարձնելու համար Քեմալը առաջարկում է հյուրերին իրենց մայրենի լեզուներով մեկական երգ երգել։ Ընդունելությանը ներկա է եղել անվանի լեզվաբան, թուրքագետ Հակոբ Մարթայանը, ում ջանքերով նշանակալից բարեփոխումներ էին կատարվել թուրքերենում։ Ի դեպ, Հ. Մարթայանն էր Քեմալին անվանել «Աթաթուրք» (թուրքերի հայր)։ Այդ երեկոյի ընթացքում Մարթայանը տխուր և անտրամադիր է լինում, որը նկատում է նաև Մ. Քեմալը։ Վերջինս առաջարկում է, որ մի երգ էլ հայազգի լեզվաբանը երգի։ Մարթայանը ոտքի է կանգնում և սկսում է ինքնամոռաց երգել գուսան Շերամի հայտնի երգը՝ նվիրված Անդրանիկին.

«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ

Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,

Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ…»։

Ներկա թուրք պաշտոնյաները անթաքույց ատելությամբ և կատաղությամբ սպասում են Աթաթուրքի արձագանքին։ Վերջինս համբերատար լսում է երգը և սառնասրտորեն ասում. «Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր։ Անոր սուրեն հազարավոր թուրքեր ինկան։ Այդ տեսակ հերոս հայերը անցյալին չեն ունեցած, ներկայիս չկա և ապագային ալ չի սպասվիր»:

Իր այդ վերաբերմունքով Աթաթուրքը արտահայտում էր թուրք հանրության մտայնությունը։ Այս առումով տեղին ու ճշմարտացի դիտարկումներ է արել անվանի բանասեր ու պատմաբան Կարո Վարդանյանը` նշելով. «Թուրքը մեր շարքերում իրեն արժանի միայն մի թշնամի է ճանաչել՝ Զորավար Անդրանիկին կամ, ինչպես ինքն էր կոչում՝ Անդրանիկ Փաշային։ Մեր մյուս հերոսներին նա ճանաչել է մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի… այնքան ժամանակ, մինչև կարողացել է հաղթել նրանց, հալածել կամ սպանել, որից հետո մոռացության է մատնել։ Անդրանիկը թուրքի համար այդպես էլ մնաց անպարտելի, մնաց որպես մշտնջենական մղձավանջ ու պատուհաս վիրիժառու»։

Այն, որ Անդրանիկը ոչ միայն հայոց հերոսն է՝ համազգային ու համաժողովրդական չափումներով, այլև համաշխարհային կարգի զորավար, կարող են վկայակոչել նաև այլ ժողովուրդներ (քրդերը, բալկանյան ժողովուրդները)։ Քրդերը բազմիցս են ականատես եղել Անդրանիկի և իր զինակիցների կատարած սխրալից գործողություններին։ Այդ առումով շատ երգեր ու զրույցներ են հյուսվել քուրդ ժողովրդի մեջ։ Անդրանիկի հանդեպ սերն ու նվիրումը առկա են բուլղար, հույն և սերբ ժողովուրդների շրջանում։

…Երբ 1912 թ. աշնանը բռնկվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայ և բուլղար բախտակից ժողուվուրդները դարձան նաև զինակից։ Անդրանիկը Գարեգին Նժդեհի հետ միասին առաջնորդում է հայկական կամավորական վաշտը բալկանյան ռազմադաշտերում։ Այդ օրերին բոլշևիկյան կուսակցության գործիչ, լրագրող, հրապարակախոս Լև Տրոցկին «Անդրանիկը և իր ջոկատը» հոդվածում այսպես է նկարագրել հայ զորավարին. «Նա փառահեղ է իր մուգ մոխրագույն հագուստով, կողքից կախ է ընկած հեռադիտակ և բրաունինգ ատրճանակ, կրծքին ամրացրած է մի փունջ ծաղիկ և ժապավեն՝ «Մահ կամ ազատություն» մակագրությամբ»։ Բալկանյան պատերազմում ցուցաբերած քաջության և անձնազոհության համար Անդրանիկը արժանացավ ոչ միայն կոչումների և շքանշանների, այլև «Բալկանյան արծիվ» ժողովրդական տիտղոսին…

Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի (ԱՄՆ) Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թվականին այն տեղափոխվել է Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ 

Comment here