ԳլխավորԽճանկար

«Ես իմ մանկությունն անցկացրել եմ զորավար Անդրանիկ հզոր հայացքի ներքո». Լիանա Մարգարյան

Անդրանիկ զորավարի կիսանդրին Ուջանում

Ծռություն, համառություն, պայքար, որ գենետիկ կոդով եկել է Սասուն գավառի հողից, ջրից և վերարտադրվել նոր տարածքում, ծիլեր տվել, որ պայքարենք, հասնենք պատմական արդարությանը։

Ուջանն անընդմեջ զուգորդվում է զորավար Անդրանիկի անվան հետ։ Սա մեր պայքարի ու հարատևության սիմվոլն է։

1967թ. հունիսի 4. Անդրանիկի առաջին կիսանդրին Հայաստանում. սա պատմական իրադարձությունն էր այն տարիների ու ներկայի համար… Հերոսություն էր, անհնազանդություն. Զորավարի անունն անգամ արգելված էր արտաբերել: Ազգայնամոլություն էր համարվում…

Բայց դա չէր խանգարում ծուռ ու անսանձ սասունցիների շառավիղներին կանգնեցնել Հերոսի կիսանդրին ու տասը տարի շարունակ զօրուգիշեր պաշտպանել, որ չքանդեն… Նրանք անդավաճան էին իրենց տեսակին, իրենց պայքարին։

Ես իմ մանկությունն անցկացրել եմ զորավար Անդրանիկ հզոր հայացքի ներքո: Ամեն անգամ իր հայացքի ներքո գնացել եմ դպրոց, համալսարան, աշխատանքի։ Ինձ պայքար է ներշնչել, հավատ ու պատասխանատվություն։

Փարիզ տեղափոխվելուց առաջ էլ խոստում եմ տվել ու անընդմեջ պայքարում եմ, որ խոստմանս հավատարիմ մնամ…

Սասունցի-ուջանցի մեծանալը ու դաստիարակվելը բավական բարդ ու պատասխանատու է, բայց հրաշալի է երևույթ է.գաղափարներն են առաջ մղում, ու դու միշտ հաղթող ես։ Քեզ չի կարող ներքև քաշել կամ «գերել»  էժանգին կենցաղը կամ քաղքենի ու փայլող «էլիտան»։ Դու գիտես, թե որն է քո պայքարի ուղին ու անընդմեջ կոփվում ես հենց այդ ուղու համար։

Հայրենիքն է բարձրագույն արժեքդ ու քո մտային ու բարոյական ողջ ներուժդ ուղղված է նրա պայքարի ու հաղթանակի համար:

Անհողդողդ տեսակ ես մեծանում, որ անհնար է շեղել կամ փորձել ազդեցության ենթարկել: Անդրանիկի կերպարը քո կյանքի ու տեսակի ձևավորման հիմնաքարն է։ Անընդմեջ լեգենդներ ու զրույցներ եմ լսել նրա հզոր կերպարի մասին… Գրադարանումս իր մասին պատմող գրքերն առաջին պլանում են…

Հիշում եմ, որ մեր հարևան Հովհաննես պապին Անդրանիկի զինվորներից էր եղել ու նրանից հաճախ հարցազրույցներ էին վերցնում։ Ես մեծագույն հետաքրքրությամբ լսում էի, թե ինչպես էր 100 տարեկան Հովհաննես պապին պատմում Անդրանիկի հերոսությունների մասին:

Թե ինչպես էր նա իր ձիով  մտել թուրքական գյուղեր, թե ինչպես էին վախենում զորավարի անունն անգամ լսելիս թուրքաբնակ ու քրդաբնակ գյուղերում:

Անդրանիկի կերպարի շուրջ էր հյուսվում մեր բոլոր երազանքները,մեր բոլոր ձգտումները:

Ու այսօր իմ ու իմ համագյուղացիների հերոսի ծնունդն է, որ անընդմեջ առկա է մեր կենցաղում, մեր մտքերում ու մեր ներկա ու ապագա գործերում…

ԼԻԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Փարիզ