1917 թվականի վերջին, 1918-ի սկզբին Հայկական նահանգների վրա կախված էր թուրքական զորքերի արշավանքի վտանգը: Առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, երբ Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման պատճառով ռուսական կանոնավոր զորամիավորումները հեռացան Հարավային Կովկասից: Այդ ծանր պայմաններում նոր ստեղծվող հայկական զինուժը փորձում էր անել անհնարինը՝ դրությունը մի կերպ փրկելու և Արևմտյան Հայաստանի գոնե ինչ-որ մի հատվածն իր վերահսկողության տակ պահելու համար:
Թուրքական կանոնավոր զորքերի դեմ այդ ժամանակ կանգնած էին Հայկական կորպուսը` Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, և Անդրանիկ Օզանյանի գլխավորած Հայկական առանձին հարվածող դիվիզիան: 1917 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական մամուլում տպագրվում է Զորավար Անդրանիկի` հայ ժողովրդին ուղղված «Կոչը», որտեղ նա դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք պահել՝ գալ և կռվել հայրենիքի փրկության համար:
«Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը: Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ: Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ, որբացած ազատության սերեն…»,-մասավորապես նշված էր «Կոչ»-ում :
Հովհաննես Թումանյանը Հայաստանի համար այդ օրհասական պահին հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով առաջինն օրինակ ծառայեց բոլորի համար` անմիջապես արձագանքելով Անդրանիկի կոչին: Մեկ օր անց նա բաց նամակ ուղղեց Զորավար Անդրանիկին, որը մեծ արձագանք ունեցավ և ոգևորության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում:
Սիրելի Անդրանիկ,
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկչորսաղջիկսէլպատրաստակամգնումենթիկունքիաշխատանքերին՝ինչիորընդունակկլինեն։
Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։
Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ Քո
Հովհաննես Թումանյան
23 դեկտեմբերի 1917թ., Թիֆլիս