ԳլխավորԼուր

Բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։

Նշենք, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրությանը նախորդել է «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը նվիրված էր 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։

Գիտաժողովի բացմանը զեկուցումներով հանդես են եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Առցանց ձևաչափով գիտաժողովին մասնակցում էին Պավել Շուլգինը (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակը (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլին (Վրաստան), Զուբայա Սուրագանովան (Ղազախստան) և այլ մասնագետներ: