Մեծամորի՝ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ մայիսի 19-ին Մեծամորի Մշակույթի տանը տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառման ընթացքում Մեծամորին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք կարգավիճակը հավաստող վկայագիրը։
Պաշտոնական մասին կհաջորդի համերգային ծրագիրը, որը կսկսվի Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան տեղական և միջազգային մշակութային մրցույթներում հանդես եկած մեծամորցի երիտասարդները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայանա նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի։
2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը: