ԳլխավորԼուր

Գավառը՝ Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։ Մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։

ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը, 2023 թ.-ին՝ Մեծամորը։

ԿԳՄՍՆ մրցութային հանձնաժողովի նիստը
ԿԳՄՍՆ մրցութային հանձնաժողովի նիստը