ԳլխավորԼուր

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

Այսօր տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակին։

Միջոցառումները շարունակվել են Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում, որտեղ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է
փոխըմբռնման հուշագիր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ Երիտասարդ մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։

«Մեծ պատիվ է գտնվել Կապանում այս կարևոր իրադարձության շրջանակում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական, և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ։

Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, և մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,-ասել է Ա. Մարտիրոսյանը։

Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը ևս ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած և համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի և հասարակական կազմակերպությունների ջանքերով Երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ և հետաքրքիր միջոցառումներով։

Իսկ ինչպես երիտասարդներից մեկն է համոզմունք հայտնել` Կապանը տարբերվելու է մյուս երիտասարդական մայրաքաղաքներից իր ակտիվությամբ և դեռ երկար է հիշվելու։

Comments (2)

  1. […] որ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն էր […]

  2. […] Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը, 2023 թ.-ին՝ […]

Comment here