ԳլխավորԼուր

Արցախում առաջարկում են չեղարկել 9-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացումը

Դպրոց՝ Արցախի Շոշ գյուղում

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողների անունից ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացվել է հանրագիր։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։

Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունն ու օժանդակությունը ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցում։

«Ինչպես հայտնի է, արդեն երկու ուսումնական տարի անընդմեջ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն ազատված են եղել ավարտական քննություններից՝ կապվա համավարակի հետզհետե սաստկացման, ապա նաև 2020-ի պատերազմի թողած հետևանքների հետ։ Հասկանալի է, որ հեռավար ուսուցումը բացասաբար անդրադարձավ աշակերտների լիարժեք ուսումնառության վրա, էլ չենք խոսում պատերազմի պատճառած արհավիրքների մասին։

…Պետական լիազոր մարմնից հրահանգվել է դպրոցներում անցկացնել 9-րդ դասարանի ավարտական քննություններ, ինչը, կարծում ենք, ժամանակավրեպ է, անարդյունավետ և անտեսում է ներկա իրավիճակը, իշխող տրամադրությունը։

Վերջին ժամանակներին դասընթացների հաճախակի ընդհատումները, մոլեգնած ձնածածկույթը և դրան զուգահեռ՝ գազամատակարարման անջատումները, սահմանային ընդհարումներով պայմանավորված խուճապը, վերահաս պատերազմական իրադրությունը ամենևին չեն վկայում իրավիճակի կայունացման օգտին։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև՝ վերանայել հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը»,-մասավորապես նշված է հանրագրում։