ԳլխավորԼուր

ՔՈԱՖ-ը մեկնարկում է դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի երեխաների

Երեխաներ Արցախում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար, տեղեկացնում են կազմակերպությունից։

«Չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում մատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։

Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022 թվականից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։

Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը։ Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին, աջակիցները կարող են միանալ մեր շարժմանը և երկարաժամկետ ներդրում կատարել արցախյան համայնքների կայունության մեջ։ Այսպես մենք կարող ենք ցույց տալ, որ այս համայնքները մոռացված չեն և մեծապես դրական ազդեցություն ունենալ այնտեղի բնակիչների կյանքի վրա։ Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://bit.ly/3UbteNi»,մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին Լաչինի միջանցքում։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։ Բազմաթիվ սննդամթերքներ վաճառվում են կտրոնով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։