Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:
«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:
Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին Բերձորի (Լաչինի) շրջանը պետք է հանձնվեր ադրբեջանցիներին՝ հայկական կողմին թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք։
Հավելենք, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել էր Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։