ԱրցախԳլխավորԼուր

Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնել

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնել, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Երևանում դիմումները պետք է ներկայացնել Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումները կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում-հարցաթերթ,
  • ծննդյան վկայական (եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ),
  • ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
  • այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:
  • Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։

Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն, նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։