ԳլխավորԼուր

Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո ԲԿ-ներ են տեղափոխվել 290 մարդ. 7-ը մահացել է

Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք»,-նշված է հաղորդագրության մեջ։