ԳլխավորԼուր

Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. լուսանկարներ

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով տեղադրված կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ, կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Ֆրանսահայ երգչի ստեղծագործություններով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին:

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, մահացել՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի հպարտությունն է, ով իր կյանքի ողջ ընթացքում ապրել է ազգի հոգսով ու ցավով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է մոտ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն։

Comment here