Ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացվելու է Դրամատիկական արվեստանոց, որի նպատակն է սկսնակ դերասաններին ու ռեժիսորներին հնարավորություն տալ՝ զարգացնելու իրենց մասնագիտական որակներն ու հմտությունները: Արվեստանոցում դասավանդելու են և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն, տեղեկացնում են Բրյուսովի անվ. պետական համալսարանից։
Դասընթացներին մասնակցությունը անվճար հիմունքներով է լինելու, սակայն տեղերն ընդամենը 25 են: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի ու Արցախի երիտասարդները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 24-ն է:
Նախագծին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է տիրապետել ֆրանսերենին կամ պատրաստակամ լինել կարճ ժամանակում սովորել այն: Գործում է տարիքային սահմանափակում. մասնակիցները պիտի լինեն 20-30 տարեկան:
Դասընթացներն անցկացվելու են Երևանում: Դասավանդելու են Սերժ Ավետիքյանը, ինչպես նաև Ֆրանսիայից ժամանած նշանավոր բեմադրիչներ ու դերասաններ, ինչպիսիք են՝ Ստեֆան Բրոնշվեյգը, Քլոե Ռեժոնը, Արիան Ասկարիդը, Ռոբեր Գեդիկյանը, Պիեր Պրադինասը, Սիմոն Աբգարյանը, Կաթրին Շոբ-Աբգարյանը, Պասկալ Լեժիտիմուսը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։