ԳլխավորԼուր

Նոր հնարավորություններ Թատերականում՝ երիտասարդ արվեստագետների համար

Սերժ Ավետիքյանի երկլեզու դրամատիկական արվեստանոցը Թատերականում

Սերժ Ավետիքյանի երկլեզու դրամատիկական արվեստանոցը 2021 թվականին է սկսել իր գործունեությունը՝ նպատակ ունենալով հայ երիտասարդներին ֆրանկոֆոնիայի մշակութային դինամիկա փոխանցել՝ կիրառելով դրանք թատերարվեստի և ստեղծարարության ոլորտում։

Հունվարի 10-ին մեկնարկել է արվեստանոցի չորրորդ թողարկումը, որի առաջին հրավիրյալ արտիստն էր Լիզա Թորոմանյանը: Վերջինս նշում է, որ այս ընթացքում անդրադարձել են Չեխովի «Ճայը» ստեղծագործությանը և օգտագործել են Վասիլևի վերլուծություն-գործողություն մեթոդը՝ տեքստի վերլուծության միջոցով այն լավագույնս խաղալու նպատակով։ Նա պատմել է, որ գործընթացն անցել է տարբեր փուլերով՝ ներառելով բազմաթիվ վարժություններ, որոնց շնորհիվ մասնակիցները կարողացել են խաղալ առանց տեքստը հիշելու, քանի որ ինքը դա չէր պահանջել։

Թորոմանյանը նշել է, որ իր համար այս մասնակիցները արդեն դերասաններ են: Նա հավելել է, որ յուրաքանչյուր արտիստի համար կարևոր է շարունակական ուսուցումը, ինչը, ըստ նրա, դերասանների զարգացման հիմնական ուղին է։

Սերժ Ավետիքյանի երկլեզու դրամատիկական արվեստանոցը Թատերականում

Արտիստը ընդգծել է, որ հինգ շրջանների ընթացքում մասնակիցները կսովորեն խաղալու նոր ձևեր, որոնց մի մասը կդուր գա նրանց, իսկ մյուս մասը՝ գուցե ոչ այնքան։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նրանք կկարողանան ընտրել և վերցնել այն, ինչն օգտակար կլինի իրենց համար։ Նույնիսկ մեկ տոկոս առաջընթացը, ըստ նրա, արդեն մեծ ձեռքբերում է։

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հաջորդ շրջանների համար հրավիրվել են արտիստներ Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը Ֆրանսիայից և Լինա Ռիյադ Աբյադը՝ Լիբանանից։

Ավարտին արվեստանոցի տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում։

Չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Փարիզի քաղաքապետարանը, «Ազնավուր» և «Мiassine» հիմնադրամները, «SPFA» ասոցիացիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։