ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Սոս Սարգսյանն ինձ ասաց` դու հանցագործ ես, կապ չունես արվեստի հետ». Անդրանիկ Հարությունյան

Անդրանիկ Հարությունյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան Անդրանիկ Հարությունյանն է:

Նա 2004 թվականին ավարտել է Երևանի պետական Կամերային թատրոնին կից ստուդիան և սկսել աշխատել՝ որպես դերասան։ Ասում է` մեծ հաշվով ուսանողական կյանքով չի ապրել.

«Իմն ավելի շատ բանվորական կյանք է եղել, քան ուսանողական. «Ամեն դեպքում, փորձեցի ուսանողական կյանքով ապրել, բանակում ծառայությունս ավարտելուց անմիջապես հետո` 2003-ին, դիմեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, երրորդ քննությունից կտրվեցի, ավելի ճիշտ` չթողեցին քննությունը հանձնեմ: 2002-ին, երբ ավարտել էի ծառայությունս, մինչև ընդունելության քննություններն արդեն խաղում էի Կամերային թատրոնում, մանկակական ներկայացումներում: Նաև աշխատում էի թատրոնում` որպես բեմի բանվոր, ուզում էի աշխատել, որպեսզի ծնողներիցս գումար չվերցնեի»,-ասում է դերասանը:

Հետո, երբ չստացվեց ընդունվել Թատերական ինստիտուտ, Անդրանիկն առանձնապես ջանքեր չգործադրեց, որպեսզի հետո նորից ուժերը փորձի: Ասում է`իր ճանապարհը հարթեց Կամերային թատրոնում, Արա Երնջակյանի օգնությամբ: Իսկ թե ինչու իրեն չեն թողել հանձնել երրորդ քննությունը, դա էլ առանձին պատմություն է. «Ինձ չեն կոտրել, պարզապես այն տարիներին այնքան էլ խելոք տղա չէի, նոր էի բանակից եկել, ինստիտուտում կռիվ էի արել: Վերջին քննության ժամանակ, երբ Սոս Սարգսյանն էր ընդունող հանձնաժողովում նստած, ասաց` դու հանցագործ ես, կապ չունես արվեստի հետ ու չթողեց, որ մասնակցեմ քննությանը: Բայց հետագայում, երբ եկավ Կամերային թատրոն, դիտեց իմ մասնակցությամբ ներկայացում, որտեղ կարևոր դեր էի խաղում, եկավ, փաթաթվեց, համբուրեց, ասաց` իզուր էլ քեզ չընդունեցի ինստիտուտ»,-պատմում է Անդրանիկը:

Ասում է`վարպետի այդ քայլից և´ ուրախացել է, և´ տխրեցի. մի կողմից կցանկանար Սոս Սարգսյանի հետ ճանապարհ անցնել, և ափսոսում էր, որ դա տեղի չէր ունեցել: Մյուս կողմից` ուրախ էր, որ նա վերջապես նկատեց իրեն և փոխեց կարծիքն իր մասին. «Գուցե եթե ես ընդունվեի Թատերական, չկարողանայի այդ 5 տարվա ընթացքում մտնել թատրոն, աշխատել, և աննկատ մնայի նրա կողմից: Ինձ թվում է` Սոս Սարգսյանը մեծ հաշվով օգնեց ինձ»,-եզրափակում է դերասանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ