ԳլխավորԼուր

Մեթյու Փերիի հիշատակին. «Ընկերներ» սերիալի աստղը կանխատեսել էր իր մահը մի քանի օր առաջ

Մեթյու Փերի

Եթե Մեթյու Փերին իր ողջ կյանքի ընթացքում խաղար միայն Չենդլեր Բինգի դերը հանրաճանաչ «Ընկերներ» սիթքոմում, ապա դա բավական կլիներ հավերժ մնալ երախտապարտ հեռուստադիտողների հիշողության մեջ: Բայց դերասանի հաշվին եղել են նաև «Շտապես՝ մարդկանց կծիծաղեցնես», «Ինը յարդ», «Հայրիկը կրկին 17 տարեկան է» և շատ այլ ֆիլմեր։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքների ցանկը կարող էր ավելի մեծ լինել, եթե չլիներ դերասանի վնասակար կիրքը ալկոհոլի և արգելված նյութերի նկատմամբ: Եվ երբ նա հաղթեց ու հասավ այն ամենին, ինչին մանկուց երազել էր, հեռացավ այս աշխարհից:

Տղան, ով ուզում էր հայտնի դառնալ

Նա ծնվել է Ուիլյամսթաունում՝ կանադացի լրագրող Սյուզան Լենգֆորդի և ամերիկացի դերասան Ջոն Բենեթ Փերիի ընտանիքում։ Դժբախտաբար, Մեթյու Փերիի ծնողների ամուսնությունը փլուզվեց, երբ որդին դեռ մեկ տարեկան չկար, ուստի դաստիարակության բոլոր դժվարությունները ամբողջովին ընկան մոր վրա: Մեթյուն կարող էր դառնալ մեծ թենիսիստ, նա փայլուն արդյունքներ էր ցույց տալիս պատանիների շրջանում, բայց նրան մարզիկի համբավը անբավարար էր թվում: Նա մանկուց երազում էր փողոցներում ճանաչվելու մասին և հաճախ պատկերացնում էր, որ կանգնած է կարմիր գորգի վրա՝ լուսարձակների լույսի ներքո:

Նա ապրում էր մոր և խորթ հոր հետ Օտտավայում, բայց 15 տարեկանում տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել հոր հետ և ավելի մոտ լինել կինոյի այն կախարդական աշխարհին, որը նա պատրաստվում էր նվաճել: Օտտավայում Փերին Ռոքքլիֆ պարկի դպրոցում սովորում էր Կանադայի ապագա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, իսկ տեղափոխվելով «Հրեշտակների քաղաք» ՝ Մեթյուն ընդունվեց ամենահին ուսումնական հաստատություններից մեկը ՝ Բաքլիի դպրոցը։ Այդ ժամանակ էլ նա սկսեց հաճախել քասթինգների։

Նորամուտը կինոյում  կատարեց դեռ 10 տարեկան հասակում ՝ խաղալով Արթուրի դերը «240 Ռոբերտ» սերիալի «Բանկի կողոպուտը» դրվագում, 4 տարի անց նա նկարահանվեց էպիզոդիկ  դերում «Նորությունների համար դա նշանակություն չունի» կատակերգական նախագծում, այնուհետև սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել էկրաններին: Հայրը, ով անձամբ գիտեր դերասանական մասնագիտության բոլոր դժվարությունների մասին, պնդում էր, որ որդին նախ ինքնուրույն դառնա, իսկ հետո միայն փորձի իրեն կինոյի աշխարհում։ Եվ ինչ-որ պահի Մեթյու Փերին համաձայնվեց: Նրա խնդիրն էր մեկ տարի մնալ առանց ծնողների նյութական օգնության։ Եվ նա դա արեց։

Ջոն Բենեթ Փերին հստակ գիտեր, թե ինչքան գայթակղություններ են սպասվում դեռահասին կինոյի աշխարհում, որտեղ նա այդքան ձգտում էր: Ցավոք, նա չկարողացավ պաշտպանել իր որդուն գայթակղություններից կամ սովորեցնել դրանց դիմակայել: Փառքի ծանր բեռը շատ արագ հասավ որդուն։ «Ընկերներ» սերիալը նրան բերեց այն հսկայական ժողովրդականությունը, որի մասին այդքան երկար երազում էր, և միևնույն ժամանակ դարձավ անդունդ ընկնելու սկիզբը: Նա սկսեց նկարահանվել «Ընկերներ»-ում 24 տարեկանում և դարձավ դերասանական կազմի ամենաերիտասարդ անդամը։ Նկարահանումները սիթքոմում բացահայտեցին և խորացրեցին Մեթյու Փերիի բոլոր առկա խնդիրները:

Հաղթած պատերազմը

2022 թվականի նոյեմբերին Amazon-ում մեկնարկեց դերասանի կողմից թողարկված հուշերի վաճառքը ՝ «Ընկերներ, սիրահարներ և ինչ-որ սարսափելի բան» վերնագրով։ Դրանից առաջ Փերին մեծ հարցազրույց էր տվել New York Times պարբերականին ու նշել, որ ալկոհոլ սկսել է օգտագործել դեռ 14 տարեկանում։ Շատ արագ այն վերածվեց կախվածության, նա սկսեց լիտրերով օղի խմել: Միակ արգելքը, որ նա դրել էր իր առջև՝ երբեք հերոին չփորձել։ Դերասանի խոսքով ՝ հենց դա էլ թույլ է տվել իրեն կյանքից չհեռանալ դեռ պատանեկության տարիներին։

«Ընկերներ» ֆիլմում նկարահանումների մեկնարկին դերասանը փողի խիստ կարիք ուներ, բայց նրա խնդիրները այդ առումով արագ կարգավորվեցին. առաջին եթերաշրջանում յուրաքանչյուր գլխավոր դերակատար յուրաքանչյուր սերիայի համար ստանում էր 22500 դոլար, երրորդ եթերաշրջանում հոնորարի գումարը հասավ 75000-ի, իսկ իններորդ և տասներորդ եթերաշրջաններում Մեթյու Փերին, ինչպես մյուս «Ընկերներ»-ը, յուրաքանչյուր սերիայի համար արդեն ստանում էր մեկ միլիոն։ Բայց, ինչպես պարզվեց, փողը չէր լուծում բոլոր խնդիրները։

Նա այժմ ուներ այն ամենը, ինչ ցանկանում էր, բայց հանդիսատեսի սիրելին, ով զվարճացնում էր մարդկանց էկրաններից, տառապում էր անտանելի մենակությունից, որից նա փախչում էր սովորական ձևով՝ ալկոհոլով և հաբերով։ Վերջիններս նրա կյանքում հայտնվեցին 1997 թվականին, երբ հիդրոցիկլի վթարից հետո բժիշկը դերասանին ուժեղ ցավազրկող նշանակեց։ Ալկոհոլի հետ միասին թմրանյութ պարունակող դեղը նրան ինչ-որ եթերային զգացողություններ տվեց, և նա ցանկացավ դրանք նորից ու նորից ապրել:

Մեթյու Փերի
Մեթյու Փերի

Արդյունքում կախվածությունը սկսեց սպառնալ նրա կյանքին։ Երրորդից վեցերորդ սեզոնների նկարահանումներին ժամանակը նրա համար ընդհանրապես դադարեց գոյություն ունենալ: Նա չէր հիշում, թե ինչպես է նկարահանվել այդ երեք տարիներին։ Փերին շատ նիհարեց, դարձավ անկառավարելի և իրեն վատ միշտ վատ էր զգում։ Առաջին անգամ վերականգնողական փուլ անցավ 1997 թվականին՝ գրեթե մեկ ամիս անցկացնելով կլինիկայում։ Սակայն կախվածությունը բավականին արագ վերադարձավ: Ընդամենը երեք տարի անց նա հոսպիտալացվեց ալկոհոլի և արգելված նյութերի չափազանց շատ օգտագործման հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով։ Նրա կյանքն արդեն այն ժամանակ կախված էր թելից, բայց դա նրան չստիպեց հրաժարվել սովորություններից։ Նա արդեն օրական 55 հաբ էր օգտագործում մի քանի լիտր օղու հետ միասին։

Դերասանը կարողանում էր միայն մեկ բան վերահսկել՝ երբեք որևէ բան չխմել կամ օգտագործել նկարահանման հրապարակում։ Բայց դա թույլ մխիթարություն էր, քանի որ առավոտյան աշխատանքի էր գալիս սարսափելի վիճակում ՝ բուռն գիշերից հետո։ 1997 թվականից ի վեր նա բուժման 15 կուրս անցավ՝ ծախսելով մոտ 9 միլիոն դոլար, սակայն ամեն անգամ ձախողվում էր։ Գրքի հրապարակման պահին Մեթյու Փերին վստահ էր, որ հաղթող է դուրս եկել այս անհավասար մենամարտից։

Ողբերգական ավարտ

Դերասանը միկրոբլոգ էր վարում սոցիալական ցանցերից մեկում՝ սովորաբար անկանոն գրառումներ կատարելով։ Սակայն մեկ շաբաթ առաջ նա սկսեց տարօրինակ հաղորդագրություններ տեղադրել։ Օրինակ, հոկտեմբերի 17-ին հայտնվեց մի սենյակի տեսանյութ, որի երկու պատերին տեղադրված էին էկրաններ ՝ Batman մակագրությամբ, առաստաղի վրա աստղային երկնքի իմիտացիա և չղջիկի ոճավորված կարմիր լուսավոր պատկեր: «Անհանգստանալու կարիք չկա, այս գիշեր ես փողոցներ ունեմ»,-գրել էր նա:

Լուսանկարներից վերջինը մարգարեկան է թվում. լուսանկարում նա ջակուզիում է՝ տան տանիքին, մտախոհ նայում է գիշերային լույսերով շողշողացող «Հրեշտակների քաղաքին»: «Օհ, այսինքն քեզ շրջապատող տաք ջուրը ստիպում է քեզ լավ զգա՞լ։  Ես Մեթմանն եմ»:

Այս գրառումը հայտնվեց հոկտեմբերի 23-ին, իսկ 5 օր անց ՝ 28-ին, 54-ամյա Մեթյու Փերին մահացավ: Այդ օրը նա հասցրեց մասնակցել պիկլբոլի մարզմանը (մարզաձև, որը միավորում է բադմինտոնի, թենիսի և սեղանի թենիսի տարրերը), վերադառնալ տուն ու հանձնարարություններ տվել օգնականին։ Մի քանի ժամ անց վերադառնալով՝ օգնականը սկսել է զանգահարել դուռը, սակայն ոչ ոք չի բացել։

Փրկարարները դերասանի դին հայտնաբերեցին ջակուզիում։ Թմրանյութի ու բռնության հետքեր չեն արձանագրվել. Մեթյու Փերիի սիրտը պարզապես կանգ էր առել։

kulturologia.ru

Թրգմ.՝ Usanogh.am-ի