ԳլխավորՀայտնիները` ուսանող

«10 րոպեից հասա Ստանիսլավսկու թատրոն, 2 օրից ընդունվեցի ստուդիա». Ելենա Վարդանյան

Ելենա Վարդանյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասանուհի Ելենա Վարդանյանն է: Նա ավարտել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան: Բայց քչերը գիտեն, որ Ելենան ավելի վաղ Մոլդովայում, Գոգոլի անվան լիցեյում, ուսումնասիրել է «Բիզնես կառավարում», ապա նույն մասնագիտությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում։

«Ցանկացած մասնագիտություն, նույնիսկ եթե դու հետագայում այն պրակտիկայում չես օգտագործում, տալիս է քեզ գիտելիքներ և  հետաքրքիր փորձառություն, հարստացնում է քեզ որպես անհատի: «Բիզնես կառավարումն» իհարկե, օգտակար եղել է ինձ համար, շատ հմտություններ է տվել: Բայց ես այն համոզման եմ, որ դպրոցում, բուհում սովորելուց բացի` շատ կարևոր է, որ մարդն ինքնակրթվի թե´ բուն կրթության ընթացքում, թե´ առհասարակ»,-շեշտում է Ելենան:

Իսկ դերասանուհու մասնագիտության մասին սկսել է մտածել 2000-ականների սկզբից, երբ երկշաբաթյա արձակուրդն անցկացնում էր Հայաստանում և որպես հանդիսատես հայտնվել էր Պարոնյանի անվան թատրոնում. «Ես դիտեցի մի ներկայացում, որը կոչվում էր «Ամեն տարի` նույն օրը», այնտեղ խաղում էր Արթուր Կարապետյանը կնոջ` Սաթիկի հետ: Դրանից հետո սկսեցի մտածել, որ դերասանի մասնագիտությունը մի տեսակ հոգեհարազատ է ինձ, ցանկացա ուժերս փորձել: Այդ մտքով կիսվեցի ծնողներիս հետ: Քանի որ ռուսախոս էի, ինձ խորհուրդ տվեցին դիմել Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիա: Այդպես էլ արեցի: Զանգահարեցի թատրոն, և, չգիտեմ ինչպես, հեռախոսը վերցրեց անձամբ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, թեպետ ես զանգահարել էի ադմինիստրացիա: Ասաց` եթե կարող ես` 10 րոպեից եղիր թատրոնում, գուցե ես ձեզ լսեմ: Ես ուղիղ 10 րոպեից գնացի թատրոն, 2 օրից ընդունվեցի ստուդիա» ,-պատմում է Ելենան:

Նա բոլոր ուսանողներին մաղթում է ուսանողական բեղմնավոր կյանք և արդյունավետ կրթական գործընթաց:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ