ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Թաքնվում էի վոկալի դասախոսիս սեղանի տակ, ու ինձ չէին գտնում». Անի Լուպեն` ուսանող

Անի Լուպե

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն է: Նա  2001-2006թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետում, Արմեն Մելիքսեթյանի կուրսում:

«Ետ բերե´ք ուսանողական տարիներս»

Անիի խոսքով` ուսանողական տարիներն իր կյանքում, իսկապես, լավագույնն են եղել. «Երբ հարցնում են` կցանկանայի արդյոք հետ բերել դպրոցական կամ ուսանողական տարիները, պատասխանում եմ, որ, դպրոցականը` ոչ, բայց, միանշանակ, սիրով կվերադարձնեի ուսանողական տարիներս: Լավ դասախոսներ եմ ունեցել, որոնցից իսկապես շատ բան եմ սովորել, այդ թվում` կյանքի դասեր»: Դերասանուհու համոզմամբ` կան մանրուքներ, դետալներ, որոնց յուրացումն իրեն շատ են օգնել բեմական, էկրանային կյանքում:

Անի Լուպե
Անի Լուպե

Երբ դասախոսն իրեն լավաշ ու ձու էր բերում…

Անին պատմում է, որ իրենց ուսանողական կյանքը բավական հագեցած էր: Դասերից դուրս, օրինակ`փակում էին լսարանն ու «Մաֆիա» էին խաղում: Իսկ դասախոսների հարցում Անիի բախտն առանձնակի է բերել. «Շատ էի սիրում վոկալի իմ ուսուցչուհուն` Ռոմելլա Գրիգորյանին, որին անսահման շնորհակալ եմ: Միշտ գնում, նրա սեղանի դարակի տակ թաքնվում էի, որ այլ դասերի չգնայի, միայն վոկալի դաս անեի. շատ էի սիրում և´ դասախոսիս, և´ վոկալի դասերը: Ի դեպ, ինձ այդպես էլ չէին գտնում: Մնում էի Ռոմելլա Միխայլովնայի մոտ, ժամերով երգում էի: Նա իր հետ միշտ լավաշ ու ձու էր բերում, ինձ հյուրասիրում էր, որ կարողանամ երգել»: Անին պատմում է, որ կային ոչ մասնագիտական առարկաներ, որոնք այնքան էլ չէր սիրում. «Քանի որ վոկալի դասախոսս էլ էր Գրիգորյան, ես էլ, նրան խնդրում էի. «Ասե´ք, որ ձեր թոռնուհին եմ, որ չգնամ այդ դասերին»»:

«Գրան պրի»-ն Սոս Սարգսյանն է հանձնել

Ուսանողական տարիներին դերասանուհին կուրսեցիների հետ մի շարք մրցույթների է մասնակցել, հաճախ նաև` հաղթել. «Օրինակ` վոկալի մրցույթին «Գրան պրի» եմ շահել, Սոս Սարգսյանն է հանձնել: Առհասարակ, մեր ուսման ընթացքը շատ հետաքրքիր էր անցնում, քանի որ զուգահեռ խաղում էինք Երևանի Կամերային երաժշտական թատրոնում: Նման հագեցած ուսանողական կյանք մաղթում եմ բոլորին»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ