Ռուսաստանում 83 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան: Լուրը հայտնել են Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնից։
«Մեծ վիշտ է… Մահացել է Վերա Վալենտինովնա Ալենտովան։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտն անսահման է», — նշված է թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով ՝ դերասանուհին այսօր ներկա է եղել դերասան Անատոլի Լոբոցկու (նրա խաղընկերը «Աստվածների նախանձը» ֆիլմում-խմբ.) հուղարկավորությանը, հրաժեշտի արարողության ժամանակ արտիստուհու ինքնազգացողությունը վատացել է և նրան հոսպիտալացրել են:
Ալենտովան՝ ռեժիսոր և դերասան Վլադիմիր Մենշովի կինը և հեռուստահաղորդավարուհի Յուլյա Մենշովայի մայրը, հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր», «Շիրլի-Միրլի», «Աստվածների նախանձը» և այլ ֆիլմերից։



