ԳլխավորՀայտնիները` ուսանող

Ռիսկային եղե´ք ու անսպասելի. Նարինե Պետրոսյանը` ուսանողներին

Նարինե Պետրոսյանը

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասանուհի Նարինե Պետրոսյանն է: Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Արմեն Մազմանյանի արվեստանոցը:

Ինչպես մեր շատ զրուցակիցներ, որոնք ևս ավարտել են Թատերական ինստիտուտը, Նարինեն էլ փաստում է` Թատերական մտնելիս այլ մարդ ես, դուրս գալիս` բոլորովին այլ. «Վաղ առավոտից մինչև ուշ երեկո մեր բոլոր ծրագրերը կապում էինք Թատերական ինստիտուտի հետ: Ես բավական ակտիվ էի կուրսում, մի քանի ներկայացումներում ներգրավված եմ եղել, իմ տեսակով շատ էքստրավերտ չէի, ինքնամփոփ էի, բայց ոչ աշխատանքի մեջ»:

Հարցին, թե ուսանողական տարիներին ինչ դերեր է ցանկացել մարմնավորել, Նարինեն պատասխանում է, որ ուզում էր շեքսպիրյան Ջուլիետ խաղալ, բայց հենց սկզբից հասկացավ, որ այն իրեն հետաքրքիր չէ.

«Ջուլիետը բավական միապաղաղ կերպար է, մանեկենային է, ոչ խարակտերային: Եվ քանի որ շատերը իմ արտաքինից ելնելով կապել են ինձ հենց Ջուլիետի նման կերպարների հետ, մշտապես ցանկություն եմ ունեցել խարակտերային դերեր կերտել: Ես կարող եմ շատ ավելին անել, քան իմ արտաքին կաղապարն է»:

Նարինեն նշում է, որ իրենց կուրսում այժմ արդեն բավական հայտնի մարդիկ կային, օրինակ` Սամվել Թոփալյանը, որն, ի դեպ, իր պարային զուգընկերն էր, բեմական խոսքին առնչվող միջոցառումներին ևս ներկայանում էին միասին, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Գուրգեն Սարգսյանը, Գայանե Բալյանը, Աստղիկ Պողոսյանը

Նարինեն առանձնակի ջերմությամբ է հիշում իր վարպետին` Արմեն Մազմանյանին. «Նա ասում էր կարևոր մի բան, որն ինձ մոտ ամենաշատն է տպավորվել`մարդու հնարավորություններն անսահմանափակ են, և ցանկության ու աշխատանքի դեպքում ամեն բան հնարավոր է անել: Ես սա կիրառեցի իմ գործողությունների մեջ: Ամենաաննորմալ գաղափարները հնարավոր է իրագործել, եթե հավատում ես դրանց: Մազմանյանն իր շուրջը համախմբել էր դասախոսների, որոնց թույլ չէր տա որևէ կերպ սահմանափակել իր սաներին: Մեր ուսուցիչը հավատում էր մեզ ու մեր վաղվա օրվան»:

Նարինեն բոլոր ուսանողներին խորհուրդ է տալիս հավատալ իրենց ուժերին. «Ուշադրություն մի´ դարձրեք բացասական կարծիքներին, ռիսկային եղե´ք ու անսպասելի»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ