ԳլխավորԼուր

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Դերասանուհի Լալա Մնացականյան

Գիշերը հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը, հայտնում է shamshyan.com–ը։

ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել:

Հոկտեմբերին նա կդառնար 67 տարեկան:

***

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։

Կոչումներ և մրցանակներ.

2004 թվականին Լալա Մնացականյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

2006 թվականին՝ Լալա Մնացականյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։

Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 24-ին ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։

Դերերը թատրոնում.

Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ

  • 1975 — Սմերալդինա՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
  • 1976 — Օգյուստինա՝ Ռ. Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»
  • 1978 — Գիզա՝ Ռ. Լոտարի «Արքա Առլեքին»

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն

  • 1979-1980 — Ռոզալիա Պավլովնա՝ Վ. Մայակովսկու «Փայտոջիլ»
  • 1979-1980 — Մեզալյապսովա՝ Վ. Մայակովսկու «Բաղնիք»
  • 1979-1980 — Գերտրուդ՝ Ա. Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը»
  • 1979 — Պոլի Փիչըմ՝ Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»
  • 1979-1980 — Սոնյա՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա»
  • 1980 — Լիկա՝ Ա. Զուրաբովի «Երկու քույր»
  • 1984 — Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

  • 1982 — Արմինե՝ Ժ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը»
  • 1982 — Անահիտ՝ Գ. Սարգսյանի «Հորովել»

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

  • 1983 — Մարինա՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս»
  • 1985 — արքայադուստր՝ Ս. Մարշակի «12 ամիս»
  • 1986 — հաղորդավար՝ Մ. Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա»
  • 1987 — Նիննուչա՝ Է. դե ֆիլիպոի «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը»
  • 1989 — Լիզա՝ Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները»
  • 1991 — Սորրենտինո՝ Ջ. Մառոտտաի և Բ. Ռանդոմեի «Այրիներ սփոփողը»

«Մետրո» թատրոն

  • 1995 — Էվա՝ Ա. Նիկոլայիի «Սեր մինչ ի մահ»
  • 1995-1996 — Մերի՝ Ա. Աղասարյանի «Ուիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»
  • 1997-1998 — Էսթեր՝ Ժ. Պ. Սարտր «Դռնփակ»

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

  • 2004 — Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
  • 2009 — Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

  • 2012 թ. — մայր՝ Կ. Չապեկի «Մայրը»

Հեռուստաթատրոն

  • 1982-1983 — Լուսիկ՝ Հ. Պարոնյանի «Բարսեղ աղան և ուրիշները»
  • 1983 — Ոստիկան՝ Լ. Միրիջանյանի «Քաջ Նազար»
  • 1984 — Ժանեթ՝ Ի. Դրուցեի «Հանուն հողի և արևի»
  • 1984 — Մերի՝ Ջեքսոնի «Աստված մեզ օգնական»
  • 1984 — Մաշա ՝ Վ. Արրոի «Տեսեք ով է եկել»
  • 1984 — Վարյա ՝ Ա. Կազանցևի «Անտոնը և ուրիշները»
  • 1986 — Հասմիկ՝ Ա. Այվազյանի «Արալեզ»
  • 1989 — Նարգիզ՝ Ա. Ահարոնյանի «Թթխմոր»
  • 1994 — Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Ռադիոթատրոն

  • 1983 — Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
  • 1983 — Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
  • 1983 — Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
  • 1984 — գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
  • 1984 — Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
  • 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
  • 1991 — Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր

  • 1992-1997 — Երգիծական մանրապատումներ և հումոր
  • 1992-1997 — Ձայն Մեծաց

Ֆիլմեր

  • 1984 — Մանուկով աղախին — «Ձիավոր, որին սպասում են»
  • 1992 — Ուսուցչուհի — «Ընկեր Փանջունի»
  • 2015 — «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
  • 2015 — «Ճամբարում»
  • 2020 — «Պապա»
  • 2022 «Manyunya»

Հեռուստաֆիլմեր

  • 1996 — Լալա «Մեր բակը 1»
  • 1997 — ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»
  • 1998 — սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»
  • 2005 — Լալա «Մեր բակը 3»
  • 2015-2016 «Ընտանյոք հանդերձ» սիթքոմ
  • 2017 -2018 — «Բացի՛ր աչքերդ»
  • 2017-2018 — «Ոսկե դպրոց» սիթքոմ
  • 2021 Լալա — «Մեր բակը 25 տարի անց»
  • 2021 — «Անավարտ ճանապարհ»
  • 2022 — «Հյուրերն անցյալից»

Բեմադրություններ

Ներկայացումներ

  • 2000 — «Հեքիաթները», Հ. Թումանյան, Հանրային հեռուստատեսություն
  • 2001 — «Շղթայված Պրոմեթևսը», Էսքիլոսի համանուն ողբերգության
  • 2002 — «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն
  • 2007 — «Զվարճալի մանրապատումներ», Հ. Պարոնյան, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
  • 2012 — «Մայրը», Կ. Չապեկ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր

  • 1997 — «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
  • 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
  • 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
  • 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես

  • 2008 — «Էդքան էլ ճիշտ»
  • 2008 — «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2009 — «Թաքնված տաղանդը»
  • 2010 — «Ֆուտբոլը»
  • 2011 — «Նվերը»