ԳլխավորՀայտնիները` ուսանող

Ընկերուհուս հետ կոնֆլիկտ ունեի, վերջերս ներկայացմանն ինձ ծաղիկ նվիրեց. Տաթև Հովակիմյան

Տաթև Հովակիմյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը։ Այս անգամ շարքի զրուցակիցը դերասանուհի Տաթև Հովակիմյանն է:

Նա 2009-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ։ 2011-2015 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոցում:

Դերասանուհին հրաշալի հիշողություններ ունի հատկապես Թատերականի հետ կապված.

«Բացի իմ կուրսղեկից` բավական հաճախ զբաղված էի լինում Ռուբեն Բաբայանի և Հրաչյա Գասպարյանի կուրսերում, խաղում էի նրանց բեմադրությունների մեջ: Կարելի է ասել` մի քանի վարպետ եմ ունեցել: Ի տարբերություն ԵՊՀ-ի, որտեղ դասերին գրեթե չէի գնում,  Թատերականում բավական ակտիվ ուսանող էի, ընդգրկված էի կուրսային աշխատանքներում»,-ասում է Տաթևը:

Նա հիշում է ուսանողական տարիներին իր հետ պատահած մի դեպք, որ շատ է տպավորվել. «Պարի քննությունից առաջ շրջազգեստիս վրա սիգարետ էին հանգցրել, այդպես էլ չիմացա` ովքեր էին: Բացի դրականը, որ շատ էր իմ կյանքում, կուլիսային  նման դեպքեր էլ էին գրանցվում: Բայց  այն մարդիկ, որոնք ուսանողական տարիներին ինձ հետ կոնֆլիկտներ են ունեցել, հիմա իմ մտերիմներն են դարձել»:

Տաթևի խոսքով` նրանցից շատերը ասպարեզից դուրս են եկել, և հիմա բավական ջերմ հարաբերություններ ունեն իր հետ. «Մի աղջիկ կար, իմ դուբլյորն էր, հիմա այլևս ասպարեզում չէ, վերջերս եկել էր ներկայացմանս, ինձ ծաղիկներ էր բերել, այնքա՜ն հուզիչ էր. ուսանողական տարիներին հաճախ կոնֆլիկտներ էինք ունենում, իսկ հիմա այսպիսի հրաշալի հարաբերություններ են հաստատվել»:

Դերասանուհին շեշտում է`  երբեք չի  տառապել գերազանցիկի սինդրոմով, փոխարենը փորձել է դասախոսներից քաղել մաքսիմալը, նույնը խորհուրդ է տալիս այսօրվա ուսանողներին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ