ԳլխավորԼուրԽճանկար

«Վերջին զանգի» ժամանակ նմանակել եմ ուսուցիչներիս․ Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում անցկացվում է «Վերջին դաս» ՝ 9-րդ ու 12-րդ դասարանն ավարտող աշակերտների համար, եթե դպրոցը հնգօրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում. վեցօրյայի ավարտական զանգը կհնչի մայիսի 27-ին։

Usanogh.am-ը զրուցել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, որը հիշել է իր «Վերջին զանգը», դրա հետ կապված ուշագրավ դրվագներ։

Լուիզա Ղամբարյանը դպրոցն ավարտել է 1994-ին։ Ասում է՝ նույնիսկ այդ դժվարին տարիներին, երբ լույս չկար, կարողացել են գլուխ բերել «Վերջին զանգի» հետ կապված բոլոր ծրագրերը, նաև Ֆիզիկայի ինստիտուտում ավարտական խնջույք են կազմակերպել։

«Ասեմ, որ մեր «Վերջին զանգի» բեմադրությունը ես եմ արել։ Այն տարիների համար աննախադեպ մի բան արեցինք՝ շամպայնով բարձրացանք բեմ․ դա եմ լավ հիշում։ Եվ, քանի որ դեռ այն ժամանակներից էլ ակնառու էին դերասանական իմ հմտությունները, բեմից մեր բոլոր ուսուցիչներին նմանակեցի․ դա և՛ հուզիչ էր, և՛ զավեշտալի։ Ասեմ, որ բավական ջերմ ու ադեկվատ ընդունեցին, հիմնականում իրենց հայտնի արտահայտությունների հիման վրա էի կառուցել նմանակումների տեքստերս»,-հիշեց դերասանուհին։

Քանի որ վաղն էլ Լուիզա Ղամբարյանի դստեր՝ Գաբիի «Վերջին դասն» է, դերասանուհու մոտ ջերմ զգացողություններն ավելի վառ են արտահայտվում․ «Մեր սերունդների ընկալումների մեջ իրականում բավական մեծ տարբերություն կա, բայց զգացողությունները, միևնույն է, նույնն են։ Օրինակ՝ իրենք երգերի բառերը մեզ նման չեն փոխում, դրանք կատարում են բնօրինակի տարբերակով։ Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթում կանաչ ճանապարհ»։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ