ԳլխավորԽճանկար

Դեռ մանկուց ինձ ինչ հիշում եմ`միշտ սիրահարված եմ եղել. Արևիկ Գևորգյան

Արևիկ Գևորգյան

Արդեն տևական ժամանակ է` դերասանուհի Արևիկ Գևորգյանը էսթետիզմի հետ է ասոցացվում: Նրա մասնակցությամբ պոեզիայի մեկնաբանությունները, նրա ինստագրամյան էջը ամբողջովին այդ մասին են վկայում: Վերջին շրջանում դերասանուհին ամեն օր «բարի լույս» է ասում նաև հեռուստադիտողներին: Դե իսկ «Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներում և այլ նախագծերում նրա դերերը շատերն են հիշում: Usanogh.am-ի հետ զրույցում Արևիկը խոսել է իր ներկայիս զբաղվածության, մարդկանց սրտերին դիպչելու գաղտնիքների և կին լինելու առանձնահատկությունների մասին:

-Արևիկ, ձեր ուսանողական տարիները բավական խառն ու բուռն են եղել: Նախ կպատմե՞ք այդ մասին:

-Իմ ուսանողական տարիները մի քիչ երկար են եղել: Առաջին մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող եմ, երբ ընդունվեցի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, մոտ մեկ տարի հետո հասկացա, որ չեմ ուզում այդ մասնագիտությամբ զբաղվել, բայց քանի որ արդեն ընդունվել էի, որոշեցի, որ պետք չէ ոչինչ կիսատ թողնել: Մտածեցի այսպես` եթե ընդունվել եմ այս բաժին, ուրեմն այս մասնագիտությունն իմ կյանքում իր առաքելությունը կունենա, ես դա հետո կհասկանամ: Դրանից հետո ընդունվել եմ Մանկավարժական համալսարան և մեկ տարի սովորել ռեժիսուրայի բաժնում: Այդ ժամանակ արդեն նկարահանվում էի «Աննա» սերիալում, ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում և հասկացա, որ ուզում եմ դերասանի մասնագիտություն ձեռք բերել: Ընդունվեցի Թատերական ինստիտուտ, Ռուբեն Բաբայանի արվեստանոց:

-«Ինստագրամում» շատ է քննարկվում ձեր հագուստի ոճը, առհասարակ, խոսվում է ձեր «լուք»-երի մասին: Փաստորեն, առաջին մասնագիտությունն այս հարցում ձեզ օգնեց: Հետաքրքիր է` նորաձևության միտումներին հետևո՞ւմ եք, թե հագնում, կրում եք այն, ինչն ուղղակի ձեր սրտով է:

-Ես թույլ եմ տալիս, որ ոչ թե ես հագուստ ընտրեմ, այլ հագուստն ինձ ընտրի: Երբեմն քայլում եմ և գտնում եմ հագուստը, ասում եմ`ահա, սա իմն է: Չգիտեմ` ինչպես եմ դա զգում: Մենք հիմա այնքան ենք «թունավորվել» տարբեր տենդենցներով, որ արդեն չենք էլ հասցնում նորաձևության հետևից, բայց պետք էլ չէ հասնել: Այն, ինչ քոնն է, չի դադարում նորաձև լինել: Դու միշտ կարող ես այն կրել և լինել թելադրող: Չպե´տք է կես ճանապարհին քեզ կորցնես: Դա նման է, օրինակ, օծանելիք կամ որևէ ճաշատեսակ պատարստելուն. պետք է մի քանի բաղադրիչներ խառնես, մինչև քոնը գտնես:

-Պոեզիայի ձեր մատուցումը, ձեր մասնակցությամբ տեսանյութերը, որտեղ ձեզ բնորոշ էսթետիզմ կա, բավական մեծ տարածում ունեն սոցիալական ցանցերում: Ի՞նչ եք կարծում` ձեր պարագայում ո՞րն է մարդկանց սրտերին դիպչելու գաղտնիքը: 

-Ինձ թվում է` երբ դու սկսում ես մտածել, թե ինչը մարդկանց կգրավի, դա արդեն սխալ ճանապարհ է. պետք է հաճույք ստանաս ու սիրես այն, ինչ անում ես: Այդ սերը կա´մ կհասնի իրենց սրտերին, կա´մ ոչ: Ուրախ եմ, որ իմ արած աշխատանքը հասնում է մարդկանց սրտերին: Ես էլ ինձ հետևող մարդկանցից եմ շատ բան սովորում, մենք անընդհատ կապի մեջ ենք, փոխանակվում ենք մտքերով, և դա մի յուրօրինակ սիրային կապ է: Միասին, ձեռք ձեռքի տված փորձում ենք բացահայտել սերը: Դա այնքա՜ն գեղեցիկ ճանապարհ է, որ չեմ էլ ուզում մտածել արդյունքի մասին, պետք էլ չէ:

-Կա՞ն պոետներ, որոնք շատ ձերն են, առանձնակի սրտամոտ են ձեզ:

-Ինձ համար պոեզիան չունի ազգություն, այն ծնունդով հոգևոր աշխարհից է: Չեմ տարանջատում նաև դասական և ժամանակակից գրողների գործերը: Կառանձնացնեմ Բրոդսկուն, Պաստեռնակին, Ցվետաևային: Ինչ վերաբերում է արձակին, սեղանիս գիրքը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ն է: Առհասարակ, Դոստոևսկու մեծ սիրահար եմ: Իմ էջում սովորաբար անդրադառնում եմ հայ պոետների, թե որ գործը կընտրեմ հոլովակ նկարահանելու համար, կարող է հուշել ինձ անգամ մեկ տող, որն ինձ շատ կհուզի: Ժամանակակից գրողներից շատ հոգեհարազատ է Հովիկ Աֆյանի ձեռագիրը: Նրա «Չաստվածաշունչը» պարբերաբար վերընթերցել ու արտասվել եմ:

-Ձեզ համար ո՞րն է ավելի կարևոր` հուզելը, թե՞ մտածելու տեղիք տալը:

-Ինձ համար ամենակարևորն այն է, որ լսողի մոտ հարց առաջանա: Պարտադիր չէ, որ նա գտնի այդ հարցի պատասխանը: Գուցե այդ հարցն առաջացնի տարատեսակ այլ հարցեր: Առհասարակ, իմ աշխատանքում, ասենք ներկայացում խաղալիս էլ կարևորում եմ այն, որ հանդիսատեսը դուրս գա դահլիճից հարցերով: Կյանքը մի մեծ հարցական է մարդու համար, որը պետք է բացահայտի:

-Իսկ դուք հաճա՞խ եք սիրահարվում:

-Ես շատ սիրում եմ սիրահարվել: Դեռ մանկուց ինձ ինչ հիշում եմ`միշտ սիրահարված եմ եղել: Նույնիսկ երբ դպրոցում 2 էի ստանում, բայց սիրահարված էի, չէի տխրում, բայց երբ 5 էի ստանում ու սիրահարված չէի, միևնույն է, տխրում էի: Սիրահարվածության զգացումը մեկնարկ է, որ սկսես ինչ-որ բան անել: Պետք չէ սպառել այդ զգացումը, հարկավոր է ընդունել այն: Յուրաքանչյուր էմոցիա գալիս է, որ քեզ խթան ու մոտիվիացիա տա. պետք է վերցնել այն ու դրանից մի բան կերտել, կառուցել:

-Ի՞նչ եք կարծում` կին լինելու առանձնահատկությունը ո՞րն է, հատկապես` 21-րդ դարում:

-Նախորդ դարերից ոչինչ չեմ հիշում (թեպետ վստահ եմ, որ ապրել եմ -Ա.Գ.), բայց այն համոզման եմ, որ մարդն, առհասարակ, անընդմեջ փոխվում է: Ժամանակի հետ անդադար մենք ենթարկվում ենք փոխակերպումների: Ես երեկվա Արևիկը չեմ այսօր: Ինչ վերաբերում է կնոջը, նա իր նրբությամբ կարող է ամեն ինչ խաղաղեցնել, կինը բնության տարերքների միաձուլումն է:

-Այսինքն` նրբությունն ինչ-որ առումով զե՞նք է:

-Գիտե՞ք երբ հասկացա, որ զենք է, երբ կյանքի ամենատարբեր էտապներում տեսա, թե ինչպիսի վարք են ցուցաբերում ընկերներս, վերցրեցի որպես ձևաչափ` խնդիրները լուծելու համար, հետո մի օր հասկացա, որ ես իմ զենքն ունեմ: Ամեն մարդ պետք է գտնի իր զենքը, դա անհատական է: Պետք է ուղղակի չհեռանալ սեփական էությունից: Մեկ ուրիշի զենքը գուցե համառ, կամային քայլերն են:

-Եվ վերջում` դերասանական ձեր կարիերայում հիմա ի՞նչ փուլ է: Փնտրտուքների մե՞ջ եք:

-Միշտ եմ փնտրտուքների մեջ: «Թատրոն Տանիքում» խաղում եմ «Դելի պարը» ներկայացման մեջ, վարում եմ «Բարի լույս» ծրագիրը, ակտիվ եմ պահում ինստագրամյան իմ էջը: Իսկ սերիալներում, ֆիլմերում այս պահին զբաղվածություն չունեմ: Հուսով եմ` շուտով մի լավ նախագիծ կլինի, ես էլ կհամաձայնեմ մասնակցել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ